ԱՊՀ-ն կամ Անկախ պետությունների համագործակցությունը, ինչպես բոլորս գիտենք, մի կառույց է, որն ունի մոտ 30 տարվա պատմություն։ Սովետական Միության փլուզումից հետո այն առանցքային կառույցն էր, որը պահպանում էր նախկին Խորհրդային Միության երկրների միջև կապերը։
Մի շարք երկրներ, ընտրելով համագործակցության այլ հարթակներ, պարզապես դուրս են եկել ԱՊՀ-ից։ Հոկտեմբերի 13-ին կայացավ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը: Գագաթնաժողովը, սակայն, ընթացել է առանց Երևանի մասնակցության։ Հայաստանի վարչապետը և արտգործնախարարը չեն մեկնել Բիշքեկ, բայց ԱՊՀ երկրների ճյուղային հանձնաժողովներում ներկայացվածությունը պատվիրակությունների մակարդակով եղել է։
Քաղաքական մասը շրջանցելով՝ փաստենք, որ Հայաստանի համար ԱՊՀ-ն մի քանի միլիոնանոց շուկա է, որտեղ արտահանվում են հայկական ապրանքներ և ներմուծվում են ԱՊՀ անդամ պետությունների արտադրանքը։
Մասնավորապես, 2023թ-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում ԱՊՀ-ին է պատկանում ՀՀ արտահանման ծավալների 55%-ը, և ըստ ապրանքի ծագման երկրի ներմուծման՝ մոտ 27%-ը։ Այս ցուցանիշներն ընդգծում են ԱՊՀ-ի կարևորությունը ՀՀ տնտեսության համար։
Հետևաբար, ճիշտ կլինի խնդիրը ուսումնասիրել ավելի լայն ժամանակահատվածում։ Այդ նպատակով դիտարկենք ՎԿ-ի կողմից ներկայացված Հայաստան-ԱՊՀ արտահանման և ներմուծման ծավալների դինամիկան 14 տարվա ընթացքում՝ 2009-2022թթ-երին․
Նկատենք, որ 2022թ-ին ՀՀ-ից ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կազմել են 2,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալները՝ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար։ 2022թ-ին 2009թ-ի համեմատ արտահանման ծավալներն աճել են մոտ 19 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 3 անգամ։
Մյուս կողմից, 2022թ-ին 2021թ-ի համեմատ արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 1,4 անգամ։
Հետաքրքիրն այն է, որ 2020թ-ից հետո Հայաստան-ԱՊՀ արտահանման և ներմուծման ծավալները շեշտակի վերելք են ապրել։ Իսկ ինչպես են այս արտահանման և ներմուծման ծավալները բաշխվել ԱՊՀ երկրների միջև ժամանակի ընթացքում։ Նախ դիտարկենք արտահանման ծավալների տեսանկյունից․
Ցավոք, ՎԿ-ի կողմից ներակայացված վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ից ապրանքների արտահանման ծավալների զգալի մասը բաժին է ընկնում ՌԴ-ին։ Այս իրավիճակն է՛լ ավելի է սրվել 2016թ-ից սկսած. 2022թ-ին արդեն ՀՀ-ից ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների 94,5%-ը պատկանել է ՌԴ-ին։ 2022թ-ին 3% մասնաբաժին ունի Բելառուսը և 0,7% էլ՝ Ղազախաստանը։
Ուսումնասիրենք ներմուծման կողմը․
Այստեղ ևս ռուսական կողմը հասել է բացարձակ առավելության՝ ապահովելով ԱՊՀ-ից ՀՀ ներմուծման ծավալների 91,3%-ը։ 3,8% և 2,9% մասնաբաժիններ ունեն համապատասխանաբար Բելառուսը և Ղազախստանը։
- Ամփոփելով վերլուծությունը՝ նշենք, որ վերջին տարիների Հայաստան-ԱՊՀ առևտրային հարաբերությունների վերելքի կարևորագույն պատճառներից մեկը ԵՏՄ շրջանակներում համագործակցության խորացումն է։ Սակայն, նույնիսկ այս պարագայում ԱՊՀ-ն շարունակում է մնալ ՀՀ ապրանքների կարևոր շուկաներից մեկը, որը դեռևս չի դիվերսիֆիկացվել և փաստացի ՌԴ-ն այստեղ ունի մենաշնորհ։
Այս պայմաններում Հայաստանին ընդհանրապես ձեռք չի տալիս ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, որը հանգեցնելու է նոր խնդիրների գրեթե բոլոր ուղղություններով։