Արցախից բռնի տեղահանված անձանցից շուրջ 2500-ը դուրս են եկել ՀՀ-ից

1 Min Read
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից։ Կառավարության նիստի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում գտնվող իրենց բարեկամներին, ինչ-որ ժամանակ կանցկացնեն այնտեղ ու կվերադառնան»,– ասել է վարչապետը:
Նա վստահեցրել է, որ եթե արցախահայերը իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, ՀՀ կառավարությունը ամեն ինչ կանի, որ նրանք հենց Հայաստանում մնան։
«Մենք ուզում ենք, որ բոլորը մնան ու աշխատեն Հայաստանում։ Մենք տարբեր ծրագրեր արդեն ունենք` ժողովրդագրության հետ կապված, բնակարանների ապահովման հետ կապված, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված։ Այդ բոլոր ծրագրերով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ–ում մնալու հնարավորությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվի»,– ասել է նա։
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանը ոչ թե չէր ուզում ընդունել բռնի տեղահանվածներին, այլ չէր ուզում, որ նրանք ստիպված լինեին լքել իրենց տները։

Կիսվեք այս հոդվածով