ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տ. Ղ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պետական վճարումներից բացի պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 16․202․760 ՀՀ դրամին համարժեք շուրջ 42.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ռ. Ս.-ն, սակայն, սակարկել է և խոստացել պաշտոնատար անձին տալ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, Տ. Ղ.-ն մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2.893.350 ՀՀ դրամին համարժեք՝ 7.500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3.500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։
11.10.2023թ.-ին Տ. Ղ.-ն, Կ. Բ.-ն, Ռ. Ս.-ն և Ս. Վ.-ն ձերբակալվել են:
Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Տ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում