ՀՀ կառավարությունը ևս 7.5 մլրդ դրամ կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածների համար

1 Min Read
Եկող շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարությունը կհատկացնի ևս 7.5 մլրդ դրամ բռնի տեղահանվածների համար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշել է նաև, որ այդ գումարն իր մեջ կներառվի նաև 100-հազարական դրամների այն լրացուցիչ ֆինանսավորումը, որը առաջիկայում նախատեսնում են փոխանցել  բռնի տեղահանվածներին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշել է, որ ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ 300 մլն դրամ կհատկացվի, քանի որ ըստ ՀՀ մարզային բաշխվածության` բռնի տեղահանվածների ամենամեծ թիվն այստեղ է։
Նա տեղեկացրել է, որ մինչ այս պահը մարզերին կառավարության կողմից արդեն իսկ հատկացվել է 1 մլրդ 360 մլն դրամ։
«Այս գումարներն ուղղվում են հյուրանոցների համար վճարելուն, սննդի, հիգիենիկ պարագաների ձեռքբերման, երեխաներին գրենական պիտույքներ տրամադրելու և այլ կարիքները հոգալու համար»,– ընդգծել է նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ հանրագումարով` այս 300 մլն դրամը ներառյալ, արդեն 9 մլրդ 360 մլն դրամ է հատկացվել մարզերին, որից 8 մլրդը վերաբերում էր միանվագ 100-հազարական դրամ հրատապ աջակցությանը, իսկ մյուս մասը՝ մարզպետարանների միջոցով բռնի տեղահանվածների կեցության և սննդի հետ կապված ծախսերը փոխհատուցելուն։
Կիսվեք այս հոդվածով