ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար երեխաներ արդեն հայաստանյան դպրոցներում են տեղավորվել։ Ըստ նրա, դա կազմում է թիրախային խմբի մոտ 62 տոկոսը։
«Ամեն օր մի քանի հազարով ավելանում է երեխաների թիվը։ Ես կարծում եմ, որ մինչեւ եկող շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին դպրոցներում: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայությունների կազմակերպման խնդիր: Դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով, ժամանակավոր կացարաններում, հյուրատներում, հանգստյան գոտիներում: Այդ հարցերը նույնպես կարգավորվում են»,-ասել է նախարարը:
Զուգահեռաբար դասագրքերի հետ կապված լրացուցիչ խմբաքանակներով այս շաբաթ արդեն պատվերը գնացել է, երեխաները ապահովվում են դասագրքերով անվճար: Դրանց համար վճարել պետք չի: Փորձում են երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որտեղ կան ազատ տեղեր, և այն դեպքում, երբ ազատ տեղերն ամբողջությամբ լրացած են, նոր ընդգրկում անել արդեն ծանրաբեռնված դպրոցներում:
«Մեր քաղաքականությունը պետք է այն լինի, որ դպրոցների գերբեռնվածություն թույլ չտանք: Նախ, դա լարում կառաջացնի, նաեւ եւ հին, եւ նոր աշակերտների որակի վրա բացասական ազդեցություն կունենա: Ամեն ինչ պետք է անել, որ գոնե միջնաժամկետ կտրվածքով այդպիսի խնդիր չունենանք»,– ասել է Փաշինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում