Պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք. Փաշինյան

2 Min Read

Ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ ՀՀ-ն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա բարձր տնտեսական աճ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք, բայց սա շատ զուսպ և շատ պահպանողական գնահատական է: Մեծ հավանականությամբ՝ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նաև արձանագրել է, որ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը վերջին 5 տարիների համեմատ:

«Սա այլոց շարքում նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում ՀՀ Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Մենք շատ լավ ցուցանիշ ունենք. մեռելածինների թվաքանակի էական նվազում ունենք, դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, որովհետև ոլորտում սպասարկման որակի բարձրացման մասին է վկայում ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացումը:

Ուզում եմ ընդգծել, որ մենք տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակներում որոշում կայացրեցինք լիզինգի ծրագրի վերաբերյալ. առողջապահական հիմնարկները կարող են իրենց անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները ձեռք բերել: Այստեղ խնդիրը ոչ միայն մասնագիտական հմտությունների մեջ է, այլև ժամանակակից տեխնիկայի թիվը մեր առողջապահական հիմնարկներում շատանում է, ինչը շատ էական է»,– նշել է նա: 

 

Կիսվեք այս հոդվածով