Սոցիալական ոլորտի աշխատակիցները չափազանց կարևոր դերակատարում ունեն երկրի զարգացման գործում։ Ոստիկանները, հրշեջները, պատգամավորները, տարբեր պաշտոնյաները և հասարակության այլ խմբեր կարողանում են իրենց ծառայությունն արդյունավետորեն իրականացնել՝ առաջին հերթին օգտվելով սոցիալական ոլորտի մասնագետների ծառայություններից։
Սոցիալական ոլորտի աշխատակիցների դերն իրապես կարևոր է: Սոցիալական աշխատանք մասնագիտությունը նպաստում է սոցիալական
փոփոխություններին, ինչպես նաև մարդկային փոխհարաբերություններում առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ու մարդկանց ներուժի զարգացմանը: Նպատակը անհատների, համայնքների և, ի վերջո, հասարակության բարեկեցությունն է:
Սոցիալական դաշտում միշտ էլ մեծ դերակատարում է ունեցել պետությունը՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը։ Այնուամենայնիվ, սոցիալական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձերը շարունակում են շատ ցածր մնալ․
Վիճակագրական կոմիտեի տվյալներից կարելի է եզրակացնել, որ տեղի է ունեցել «մեծ իրադարձություն». սոցիալական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձերը 2023թ-ի օգոստոսին հասել են 172,565 դրամ մակարդակին։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Հայաստանի տնտեսության ներկայիս պայմաններում այս աշխատավարձերը բավարար չեն արժանավայել կյանքով ապրելու համար։
Ընդ որում՝ նկատենք, որ 2023թ-ի օգոստոսի աշխատավարձի նշված մակարդակը հաստատվել է 2022թ-ի նույն ամսվա համեմատ աճելով 5,1%-ով։ Այս իրավիճակը նշանակում է, որ աճի այս տեմպերը շատ դանդաղ են։
Նկատենք, նաև մի հանգամանք էլ. տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի տեմպը 2021-2023թթ-երի հուլիս ամիսն էականորեն գերազանցել է սոցիալական ոլորտում աշխատավարձերի աճի տեմպերին։ Այսպես, 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերի աճը կազմել է մոտ 13%-ով, այն պարագայում, երբ սոցիալական ոլորտում աշխատավարձերի աճը կազմել է ընդամենը 5,3%։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ պետության մակարդակով սոցիալական ոլորտում անգնահատելի աշխատանք իրականացնող աշխատողների նկատմամբ առկա է անտարբերության բարձր մակարդակ։ Սեփական ենթակաների աշխատավարձերը տարբեր սին պատճառաբանություններով բարձրացնելու փոխարե իշխանությունները ճիշտ կլինի զբաղվեն սոցիալական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման խնդրով։ Ինչպես տեսնում ենք, և՛ տնտեսությունում, և՛ բյուջեում կան բոլոր հնարավոր միջոցները այդ աճերը ապահովելու և պահպանելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում