ՀՀ աշխատանքի շուկայում տեղի են ունենում զգալի փոփոխություններ։ Վերջին իրադարձությունների արդյունքում ՀՀ աշխատանքի շուկա են պատրաստվում մուտք գործել բազմաթիվ արցախցիներ։ Այս միտումն արդեն պետք է երևա 2023թ-ի երրորդ և չորրորդ եռամսյակներում։ Բացի այդ՝ աշխատանքի շուկան շարունակում է համալրվել նաև օտարերկրացիներով։
Ինչպիսին է իրավիճակը աշխատանքի շուկայում
Հատկապես ակտիվ են Հնդկաստանի քաղաքացիները, որոնք կարծես առավել ներգրավված են առաքումների ոլորտում։ Մեր տնտեսությունը նաև սկսում է պատրաստվել ռուս-հայկական հնարավոր լարվածությանը, որն, անշուշտ, իր բացասական ազդեցությունն է ունենալու տնտեսության տարբեր ոլորտներում։
Սպասվելիք այս իրադարձությունների համատեքստում ուսումնասիրենք ՀՀ աշխատանքի շուկայի մի շարք առանցքային ցուցանիշների վարքագիծը 2023թ-ի երկրորդ եռամսյակում.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում 2023թ-ի երկրորդ եռամսյակում աշխատանքային ռեսուրսների թվաքանակը կազմել է 2,249,100 մարդ: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատանքային ռեսուսների թվաքանակն աճել է 0.8%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.4%-ով: Աշխատուժի թվաքանակը 2023թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,372,100 մարդ, որի մեջ ներառված են գործազուրկները՝ 160,700 մարդ և զբաղվածները՝ 1,211,400 մարդ:
Նկատենք, որ աշխատուժի թվաքանակը նախորդ տարվա նույն եռամսյակի և նախորդ եռամսյակի համեմատ աճել է համապատասխանաբար 4.5%-ով և 4.8%-ով: Ընդ որում՝ զբաղվածների թվաքանակը 2023թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 6%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 7,2%-ով:
Մյուս կողմից, գործազուրկների թվաքանակը 2023թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 5.5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 10.5%-ով:
Հայաստանում աշխատուժից դուրս բնակչության թվաքանակը կազմել է 877,000 մարդ: Վերջինս 2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ կրճատվել է 4.5%-ով, իսկ 2023թ-ի առաջին եռամսյակի համեմատ՝ 3.6%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում