ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայ փախստականներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում:
«Նախ, հենց Ռուսաստանն էր այն երկիրը, որը դեռևս սեպտեմբերի 19-ի դեպքերից առաջ ճանապարհ բացեց Ղարաբաղի հայ բնակչությանը հումանիտար մատակարարումների համար: Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ղարաբաղի հայերին տրամադրվել է շուրջ 200 տոննա սննդամթերք և վառելիքաքսուքային նյութեր»,— ասել է նա:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է մոտ 10 տոննա մարդասիրական բեռ տրամադրել:
Գալուզինը նաև ասել է, որ մոտ 20 տոննա մարդասիրական բեռ է մատակարարվել Վոլգոգրադի մարզից: Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելու գործում ակտիվ մասնակցություն ունի ռուսական գործարար համայնքը։ Հոկտեմբերի 1-ից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Հայաստանում էլեկտրագնացքներով անվճար փոխադրումներ է ապահովում հենց այդ կատեգորիայի քաղաքացիների համար։
««Ռուսալ» կորպորացիան նպաստում է այդ մարդկանց աշխատանքի տեղավորմանը։ «Գազպրոմ»-ն իր վրա է վերցրել Ղարաբաղի 600 փախստական ընտանիքի բնակարանով ապահովումն ու կոմունալ ծախսերը։ Մենք, բնականաբար, կանգ չենք առնի ու կշարունակենք այդ օգնությունը․ կհայտարարենք դրա մասին, երբ պատրաստ լինենք»,— նշել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում