Հափշտակություն՝ «Արցախբանկից»․ Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել

2 Min Read

ՀՀ Ոստիկանությունը Արցախբանկից հաղորդում է ստացել հափշտակության վերաբերյալ։ Նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե։

ՀՀ Քննչական կոմտեից Banksnews.am-ը փորձեց ճշտել՝ ինչ է տեղի ունեցել․

«Հաղորդում ենք ստացել հափշտակության վերաբերյալ, քննարկում ենք, ավելի ուշ կներկայացնենք»,- նշեցին քննչական կոմիտեից։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ հոկտեմբերի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը, վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով:

Հաջորդ օրը՝ առավոտյան, նա նկատել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել ողջ գումարն ու պարկերով եղած ոսկյա զարդերը:

Հիշեցնենք, որ Banksnews.am-ը ՀՀ Կենտրոնականին բանկին հարց էր ուղղել․ արդյո՞ք արցախում գրավադրված ոսկի ունեցողները կունանան հնարավորություն հետ ստանալու իրենց ոսկին։

«Տարհանված քաղաքացիների՝ ոսկով գրավադրված վարկերի հետ կապված, Կենտրոնական բանկի գնահատականով, կարող են խնդիրներ առաջանալ դրա ֆիզիկական առկայության մասով, և վերջինիս վերաբերյալ տեղահանված քաղաքացիներն առաջին հերթին պետք է դիմեն իրենց սպասարկող բանկին՝ խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով: Առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն»,- նշված էր ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով