ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված հսկայածավալ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անդամները համակարգչային ներգործությամբ 2022 թ. մայիսի 17-ից մինչև 2023 թ. մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում list.am կայքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման հայտարարություն տված մոտ 7 տասնյակ քաղաքացուց հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19.038.349 ՀՀ դրամ գումար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Այնուհետև, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու նպատակով, հանցավոր կազմակերպության անդամները նշված գումարները փոխանցել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային քարտերի, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով գումարը փոխակերպել են կրիպտոարժույթի՝ փոխանցելով տարբեր էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինել:
Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում