Որքան էլ Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև այս երկու գերտերություններին հարող այլ պետություններ հայտարարեն, որ նվազել է ԱՄՆ-ի դերն աշխարհում, պետք է փաստենք, որ այն դեռ շարունակում է կենսական դերակատարում ունենալ համաշխարհային տնտեսությունում։
Հետևաբար, ԱՄՆ-ի տնտեսության նույնիսկ չնչին տատանումները կարող են հանգեցնել ցնցումների աշխարհի տարբեր անկյուններում։ Տնտեսությունում ռուս-չինական հակաարևմտյան յուրաքանչյուր քայլին կա համապատասխան պատասխան, և սխալ են այն սպասումները, որ Հավաքական Արևմուտքը համաշխարհային տնտեսության բանալիները հանձնելու է երկու ավտորիտար միջուկային գերտերություններին և դուրս գա խաղից։ Այս առումով ԱՄՆ տնտեսության վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվություն մանրակրկիտ ուսումնասիրվում է
Մասնավորապես, 2023թ-ի օգոստոս-սեպտեմբեր ժամակահատվածում տարբեր հարցումներ են իրականացվել, որոնց նպատակն է եղել պարզել՝ արդյոք 2024թ․-ին ԱՄՆ-ին սպասվում է ռեցեսիա։
Հարցումները կազմակերպվել են այնպիսի հեղինակավոր կառույցների կողմից, ինչպիսիք են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը (Federal Reserve Bank of New York), Wolters Kluwer-ը, Goldman Sachs Investment Research-ը, Bank of America-ն, և այլն։ Իրականացված հարցումները տվել են հետևյալ արդյունքները․
Անցյալ տարի ԱՄՆ-ում ռեցեսիայի հետ կապված մտահոգություններն աճում էին տոկոսադրույքների կտրուկ բարձրացման և շուկայում անորոշության ֆոնին:
Միայն վերջերս է նկատվում տրամադրությունների փոփոխություն: Հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության կայունությունը՝ աճող թվով ներդրողներ տեսնում են փափուկ վայրէջքի մեծ հավանականություն, երբ Դաշնային պահուստային համակարգը բարձրացնում է տոկոսադրույքները՝ գնաճի դեմ պայքարելու համար՝ առանց ռեցեսիա առաջացնելու:
Հուլիսին Դաշնային պահուստային համակարգի աշխատակիցները հայտարարեցին, որ այլևս չեն կանխատեսում ռեցեսիա 2024թ․-ին, ինչը նշանակում է կտրուկ հեռացում նախորդ կանխատեսումներից: Չնայած վերը նկարագրված լավատեսական կանխատեսումներին՝ շատերը դեռ զգուշություն են պահպանում:
Եկամտաբերության կորի (yield curve) տատանումները ենթադրում են 61% անկման հնարավորություն 2024թ-ին:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ պատմականորեն եկամտաբերության կորը ռեցեսիայի հուսալի կանխատեսող է՝ հիմնված Նյու Յորքի ֆեդ մոդելի վրա, որն օգտագործում է տվյալներ՝ սկսած 1959թ․-ից:
Միևնույն ժամանակ, ՈՒոլթերս Կլյուվերի կողմից անցկացված տնտեսագետների հարցումը ցույց է տալիս, որ նրանց 48% – ը տեսնում է ռեցեսիայի հավանաականություն 2024թ․-ին:
Սպառողների շրջանում իրականացված հարցումները վկայում են, որ սպառողների 69% – ը կարծում է, որ ռեցեսիան հավանական է հաջորդ տարի։
Մյուս կողմից ավելի լավատեսական է տրամադրված Goldman Sachs-ը, որը վերջերս իջեցրեց իր ռեցեսիայի կանխատեսումը մինչև 15% հավանականություն։
Մինչդեռ Bank of America-ն ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 35-40%:
Մյուս կողմից, ընկերությունների ղեկավարների (CEOs) 84% – ը պատրաստվում է ռեցեսիայի առաջիկա 12-18 ամիսների ընթացքում: Համեմատության համար նշենք, որ 2023թ․-ի երկրորդ եռամսյակում ռեցեսիայի հավանականությունը CEO-ները գնահատում էին 92%: ԱՄՆ-ում ռեցեսիայի պատճառների շարքում առանձնանում են բարձր տոկոսադրույքները: Նույնիսկ այս պարագայում սպառողները ավելի ու ավելի են ապավինում փոխառություններին՝ ծախսերը հոգալու համար:
ԱՄՆ-ում տնային տնտեսությունների պարտքը մարտին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ $17 տրլն՝ տարեկան կտրվածքով աճելով 19% – ով:
Ավելի բարձր տոկոսադրույքները հանգեցրին այդ վարկերի արժեքի բարձրացմանը, ինչը, հավանաբար, ազդեց տնային տնտեսությունների բյուջեների վրա: Միևնույն ժամանակ, բիզնես ոլորտում սնանկացումների թիվը արագացել է 2023թ․-ին և կանխատեսվում է, որ կշարունակի աճել: