ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:
Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Իսկ հաշվառված անձանց թիվը կազմում է 98 216:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ 6592 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց: Տեղաբաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արագածոտնում՝ 329, Արարատում՝ 1112, Արմավիրում՝ 516, Գեղարքունիքում՝ 303, Լոռիում՝ 352, Կոտայքում՝ 1118, Շիրակում՝ 237, Սյունիքում՝ 237, Վայոց ձորում՝ 117, Տավուշում՝ 170, Երևանում՝ 2201:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին աշակերտների թիվը կավելանա, և կապահովվի ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը: Ըստ նախարարի՝ երեխաները հընթացս ապահովվում են նաև գրենական պիտույքներով, կարգավորվում է դասագրքերի հարցը: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դասագրքերը տրամադրվում են անվճար՝ դպրոցների կողմից:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեկնարկում է նաև ուսանողների աջակցության ծրագիրը: Ուսանողների կրթության ֆինանսավորման հարցի կապակցությամբ մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր. կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, տվյալ մասնագիտության ուսման վարձի համեմատ:
«Կարգավորել ենք բոլոր այն դեպքերը, երբ գրանցվում են կրթական ծրագրերի, կրեդիտների տարբերություններ. այս բոլոր դեպքերի պարագայում մեր ուսումնական հաստատությունները տեղյակ են, որ պետք է կցագրեն ուսանողներին, ու սա իրականացվում է՝ նաև առանց լիցենզիոն տեղերի սահմանափակումը հաշվի առնելու: Կրթաթոշակի չափի որոշման համար հիմք ենք վերցրել պետական բուհերում տվյալ մասնագիտությամբ ուսման միջին վարձի չափը:
Սա լինելու է կրթաթոշակի առավելագույն չափը, որը պետությունը փոխհատուցելու է: Առաջին կիսամյակից հետո, երբ ուսանողները կցուցաբերեն որոշակի առաջադիմություն, կրթաթոշակի բազային չափը կավելանա բոլոր այն ուսանողների համար, որոնք կունենան բարձր առաջադիմություն: Այս կարգն արդեն շրջանառության մեջ է. կարծում եմ՝ եկող շաբաթ կմեկնարկենք ֆինանսական աջակցության այս սխեման, ու ըստ այդմ՝ մեր ուսանողների կրթության շարունակականությունն ապահովված կլինի նաև ֆինանսական տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` հավաքագրվում են նաև տվյալներ այն ուսանողների վերաբերյալ, որոնք կրթություն են ստանում Հայաստանի բուհերում, և նրանց ֆինանսավորումն իրականացվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:
«Ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդհատման խնդիր: Ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ կառավարության կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Առաջիկայում նաև այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,– եզրափակել է նա:
Բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման հետ կապված Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթության համակարգում առկա է 1790 թափուր աշխատատեղ, որից 1450-ն ուսուցչական թափուր տեղեր են: Նա ընդգծել է, որ էլեկտրոնային տարբերակով այս տեղեկատվությունը հասանելի կդառնա:
Նա տեղեկացրել է նաև, որ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու և իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:
Թափուր տեղերի համալրման գործընթացը կլինի արտամրցութային: Համալրումը տեղի կունենա գործուղման տարբերակով, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Նախատեսվում է հոկտեմբերի 10-ից հարթակը հասանելի դարձնել, որի միջոցով ուսուցիչները կկարողանան տեսնել թափուր հաստիքները և դիմել աշխատանքի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում