Ռուսաստանի պատասխանին սպասելիս կամ Ինչպիսի հնարավոր վնասներ կկրեն հայ արտահանողները

4 Min Read

Այն, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վատթարացել են, երևում էր դեռևս թավշյա հեղափոխությունից հետո: Վերջինս ռուսական տարբեր հարթակներում երբեմն անթաքույց դիտարկվում էր որպես Կոլեկտիվ Արևմուտքի նախագիծ, որն իրականացվում է գունավոր հեղափոխությունների համատեքստում։

Այնուհետև նկատեցինք Ռուսաստանի բացարձակ անտարբերությունը հայերի շահերի նկատմամբ Հարավային Կովկասում։ Այս ամենն ունի տրամաբանական պատճառներ, որոնք պետք է փնտրել առաջին հերթին հայաստանյան իշխանությունների քաղաքականության մեջ։ Նորանկախ Հայաստանի որևէ իշխանություն պետք է թույլ չտար այն խայտառակ քաոսը, որը ծայր է առել ու շարունակվում է մեր տարածաշրջանում։ Նախընտրելին մինշտ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է, որում իր ուրույն տեղը պիտի ունենար նաև Ռուսաստանը, քանի որ Հայաստանն անվտանգային, տնտեսական և այլ թելերով կապված է Ռուսաստանի հետ։

Սակայն հայրենի իշխանությունների անպատասխանատու  կամ ձախողված քաղաքականության հետևանքով որպես հայկական պետություն դադարեց գոյություն ունենալ Արցախը, և արցախահայությունը դաժան ձևով բռնի տեղահանվեց: Ն․ Փաշինյանի «սեփական» կետը փաստորեն Արցախի պարագայում զրոն էր։ Չկա Արցախ, չկա խնդիր։ Այս տրամաբանության շարունակությունը, նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու քաղաքականությունը կործանարար է լինելու նաև Հայաստանի համար։ Հայաստանի առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն կարծես ավելացվում են նորերը։ Այս համատեքստում իշխանություններն ընդունում են մի օրենք, որը Հայաստանի համար որևէ էական հարց չի լուծելու, սակայն ավելի է բարդացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։


Ի՞նչ է իրենից ներկայացնում Հռոմի ստատուտը

Մյուս վտանգավոր թեզն այն է, որ այն անվտանգության համակարգը, որում գտնվում է Հայաստանը, իբր չի գործում և պետք է գնալ այլ ճանապարհով։ Այս «միամիտ» քաղաքականության տարօրինակությունը այն է, որ երիտիշխանությունները չեն մատնանշում անվտանգության այն համակարգը, որը պետք է փոխարինի ներկայումս առկա տարբերակին։ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը չափազանց ցավալի հետևանքներ է ունենալու և ադրբեջանասեր Շառլ Միշելը հաստատ չի կարողանալու լուծել Հայաստանին սպառնացող խնդիրները։

Հայաստանի իշխանությունների այս կտրուկ քաղաքականությանն, անշուշտ, իր պատասխան է տալու միջուկային գերտերություն Ռուսաստանը, որը Հայաստանում ունի բացարձակ ներկայություն՝ ռազմական և տնտեսական։

Առաջին հերթին հնարավոր է հարված հասցվի ՀՀ արտահանմանը. վերջին տարիներին նաև հայաստանյան իշխանությունների  քաղաքականության արդյունքում դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն է՛լ ավելի են ընդլայնվել։ Դրա մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա կատարված մեր հաշվարկները․

Դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մասնաբաժինը ՀՀ ընդհանուր արտահանման ծավալներում միշտ էլ զգալի է եղել։  2009-2016թթ ընկած ժամանակահատվածում արտահանման մասնաբաժինը տատանվել է 15%-23% միջակայքում, սակայն արդեն 2017թ-ից սկսած դիտվել է մասնաբաժնի շարունակական աճ, իսկ 2022թ-ին ՀՀ արտահանման ծավալների 45%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։

Պատկերացնում եք՝ ինչպիսի վնասներ կկրեն արտահանողները, եթե Ռուսաստանը որոշի սահամանափակումներ դնել Հայաստանից արտահանվող ապրանքների վրա։ Միգուցե կասեն՝ Ռուսաստանն այդ քայլին չի դիմի, քանի որ արևմտյան սահմանափակումների պատճառով կախում ունի նաև ՀՀ-ից։ Սակայն ՌԴ-ի նման մեծ գերտերությունը չէր կարող իրեն թույլ տալ վարել նման անպատասխանատու քաղաքականություն, բացի այդ ՌԴ ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է, քան Հայաստանինը։

Հաջորդիվ ուսումնասիրենք այն ապրանքախմբերը, որոնք կազմել են ՀՀ արտահանման ծավալների գերակշիռ մասը 2022թ․-ին․

Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, 2022թ-ին Հայաստանի արտահանման ծավալներում մոտ 18% մասնաբաժին են ունեցել բնական կամ արհեստական մարգարիտի, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների արտահանման ծավալները։

Երկրորդ հորիզոնականում են հայտնվել հանքաքարի, խարամի և մոխիրի արտահանման ծավալները 17% մասնաբաժնով։
Երրորդ հորիզոնականում են էլեկտրական մեքենաների, սարքավորումների, դրանց մասերի, ձայնագրող ապարատների և դրանց մասերի ու հարմարանքների արտահանման ծավալները 9,7% մասնաբաժնով։ 

Ամփոփոելով վերլուծությունը՝ պետք է փաստենք, որ ցանկացած փոփոխություն, որը պատրաստվում են անել երկրի իշխանությունները, պետք է բխեն առաջին հերթին երկրի շահերից։ Հաճպեպ, անտրամաբանական և ոչ ադեկվատ որոշումների արդյունքում առաջին հերթին վնասներ են կրում հասարակ աշխատավոր մարդիկ, որոնք քրտնաջան կատարում են իրենց աշխատանքը՝ ապահովելով ոչ միայն իրենց, այլև մյուսների բարեկեցությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով