ՀՀ-ում ուսուցչի 1790 թափուր տեղ կա. ԿԳՄՍ նախարար

1 Min Read

Հայաստանում ներկա պահին կա 1790 ուսուցչի թափուր տեղ, և դպրոցներում կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները։

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջիկա օրերին նրանք կկարողանան դիմել, որպեսզի հենց իրենց դասավանդած առարկայի համար թափուր աշխատատեղ գտնեն։ Կարող են ընտրել նաև մարզը և բնակավայրը։ Մենք այժմ իրականացնում ենք նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման ծրագիր։ Դա անում ենք, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս ճիշտ ձևով կազմակերպեն ուսումնական գործընթացը», – ասել է Անդրեասյանը։
Նախարարը շեշտել է, որ ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Սա էլ իր հերթին կհանգեցնի աշխատավարձի 30 տոկոս հավելավճարի, ինչն էլ լրացուցիչ աջակցություն կլինի հայրենակիցների համար։
Նրա խոսքով` Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 000 անչափահաս կա, նրանցից շուրջ 8000-ը նախադպրոցական տարիքում են, իսկ մնացածը` դպրոցականներ։ Արդեն շուրջ 5000 աշակերտ ընդգրկված է դպրոցներում, սակայն այս թիվն ամեն ժամ փոխվում է։  Լուծվում են գրենական պիտույքներով և դասագրքերով ապահովման խնդիրները։
ԿԳՄՍ-ն նաև համապատասխան մասնագետների և կառույցների կողմից ապահովում է հոգեբանական աջակցության գործընթացը։

 

Կիսվեք այս հոդվածով