Ի՞նչ է իրենից ներկայացնում Հռոմի ստատուտը

4 Min Read

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, որը բավական մեծ արձագանք գտավ ներհայաստանյան դաշտում ու ՀՀ սահմաններից դուրս՝ Ռուսաստանում։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Հռոմի ստատուտը։

Այն միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը։ Այն ընդունվել է Հռոմում 1998 թվականին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։

Դատարանը քննում է հետևյալ հանցանքները՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա։

Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո,  բացառությամբ ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆով սահմանված դեպքի։

Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ:

Հռոմի ստատուտը Հայաստանում վերջնական ուժի մեջ կմտնի 2 ամսից, բայց մինչ այդ այն դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահը։

ՀՀ Կառավարությունը շեշտել է կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաև պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը կարող է հանդիսանալ կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար:

Հռոմի ստատուտի ընդունումը Հայաստանում, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին դրա վավերացմանը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշել է, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ, մեղմ ասած, ոչ միանշանակ է Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը:

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով։ Խոսքը 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած և մինչև այժմ շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ՌԴ-ի գործողությունների մասին է։

Այսպիսով, ըստ որոշ պնդումների, Հռոմի ստատուտի վավերականացումից հետո եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նա պետք է ձերբակալվի՝ ըստ Միջազգային քրեական դատարանի օրդերի։

Հայկական կողմը, սակայն, հերքում է այդ «հնարավորությունը». միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտում է՝ Պուտինին Հայաստանում ձերբակալելու մասին չի կարող խոսք լինել՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Եվ երկրորդ՝ հայկական կողմը ՌԴ-ին առաջարկել է երկկողմանի համաձայնագիր կնքել ստատուտի հետ կապված վիճելի հարցերը կարգավորելու համար։

Այս բացատրությունը պաշտոնական Մոսկվային չի բավարարել։

ՌԴ ԱԳՆ–ից անմիջապես հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնիսկ ակնարկել էր, թե Հայաստանը տնտեսական մեծ կախման մեջ է Ռուսաստանից, հիշեցնելով, օրինակ, մատակարարվող էժան գազը։

Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ստրատեգիական սխալ որոշում է, որը նախ և առաջ խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար: Սա ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքն է։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն այսօր հայտարարել է, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների ամփոփիչ գործողությունները հակասում են այն ամենին, ինչ խոստացել էին ընտրություններից առաջ, իսկ որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում հասարակական կարծիքը։

Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։

Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը ստորագրել են այն, սակայն վավերացրել է միայն Վրաստանը՝ 2003-ի սեպտեմբերին։ Իսկ Ռուսաստանը 2016 թվականին չեղարկել է իր ստորագրությունը, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում որակել է «օկուպացիա»։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով