Քուրդ նախարարը փորձում է փրկել Թուրքիայի տնտեսությունը. փաստերը՝ թվերով

3 Min Read

Դեռևս սույն թվականի հունիս ամսին Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրին երկրի ֆինանսների նախարար նշանակել Մեհմեդ Շիմշեքին։ Վերջինս, որքան էլ, որ զարմանալի հնչի, ազգությամբ քուրդ է և երկար տարիներ աշխատել է Արևմուտքի տարբեր ընկերություններում։

 Նորանշանակ նախարարը հայտարարել էր, որ գալիս է նոր շունչ հաղորդելու թուրքական տնտեսությանը։ Թուրքիան պետք է հավասարակշռի երկրի բյուջեն և գները վերադարձնի միանիշ մակարդակներին։ Թուրքիայի ֆինանսների նախարարն իր նշանակումից մի քանի ամիս հետո  համբերության կոչ է արել՝ հայտարարելով, որ իր նոր թիմը փորձում է շրջել տնտեսության անարդյունավետ կառավարման տարիները և վերականգնել ներդրողների վստահությունը երկրի տուժած տնտեսության նկատմամբ: 

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ թուրքական տնտեսությունը գտնվում էր ցնցումների գոտում այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը ճնշում գործադրեց միմյանց հաջորդող ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի կառավարիչների վրա՝ ստիպելով նրանց որոշումներ կայացնել, որոնք խաթարում էին արտարժույթի պահուստները, հանգեցնում օտարերկրյա կապիտալի փախուստի և գների անկառավարելի աճի:


Թուրքիայում տարեկան գնաճն արագացել է՝ գերազանցելով կանխատեսումները


Իրապես իրավիճակը փոխելը չափազանց դժվար կլինի մի ղեկավարի հետ, ով անընդհատ կտրուկ քայլեր է ձեռնարկում՝ տատանվելով Արևմուտքի և Արևելքի միջև։ Այս առումով հետաքրքիր կլինի ուսումնասիրել Մեհմեդ Շիմշեքի կողմից առանձնացված թուրքական տնտեսության երկու առանցքային ցուցանիշների՝ բյուջեի պակասուրդ/ՀՆԱ-ի և գնաճի տատանումները որոշակի ժամանակահատվածում։
Նախ անդրադարձ կատարենք բյուջեի պակասուրդին․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը դեռևս 2017թ-ին կազմում էր -1,8%, սակայն հաջորդ տարիներին նկատվում է պակասուրդի մակարդակի խորացում, երբ 2020թ-ին հասնում է -6,1% մակարդակին։ Այս անկումները որոշակի չափով սպասելի են՝ հաշվի առնելով կորոնավիրուսը, տարբեր տարերային աղետները, էրդողանյան պատերազմները և հռետորաբանությունը։ Սակայն, արդեն 2020թ-ից հետո բյուջեի պակասուրդը շարունակ նվազում է և 2022թ․-ին հասնում է -4% մակարդակին։

Վերջինս կրճատելու համար պետք են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, որը թույլ կտա ապահովել լրացուցիչ եկամուտի աղբյուրներ, այլ ոչ թե ծախսերի մասսայական կրճատում։

Մյուս կողմում է երկնիշ գնաճը․

Գների փոփոխության դինամիկան ցույց է տալիս, որ երկնիշ գնաճը շարունակվում է և հունիսից հետո նույնիսկ արագացել է։ Այն պարագայում, երբ գները 2023թ-ի հունիսին 2022թ․-ի հունիսի համեմատ աճել են 38,3%-ով, ապա արդեն 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ՝ 59,1%-ով։

Իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի ֆինանսների նախարարին շատ գործ է սպասվում։ Ամենամեծ խնդիրն այն է, որ ներկայումս խիստ բարդ ժամանակահատված է ապրում ոչ միայն Թուրքիան, այլ նաև ողջ աշխարհը։ Հետևապես, չափազանց բարդ է լինելու գտնել հավասարակշռության այնպիսի կետեր, որոնց վրա հենվելով՝ կարելի է ապահովել երկարաժամկետ կայունություն։

Կիսվեք այս հոդվածով