Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունն ամփոփել է մեկօրյա այցը Արցախ։
Առաքելության տարածած հայտարարությամբ դիտորդները փաստում են, որ Արցախում իրենց ստացած տվյալներով՝ մնացել է 50-ից 1000 հայ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ իրենց այցելած հատվածներում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի տներին, ինչպես նաև մշակութային և կրոնական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել:
Չեն արձանագրվել նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման ու կենդանիների սպանդի դեպքեր։
«Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։
Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները, մեկօրյա այցի ընթացքում եղել են Աղդամում, Ստեփանակերտում և Լաչինի միջանցքում։