Քարտը վերաթողարկե՞լ, թե՞ նոր քարտ վերցնել. ԿԲ փոխնախագահը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ։ Դրանք կնույնականացվեն կենտրոնացված կարգով, և քարտերին կփոխանցվի հասանելիք գումարը: «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքից:

«Մենք աշխատելու ենք այնպես, որ վերջին 15 ամսվա ընթացքում ակտիվ  գործարքներ իրականացված քարտերին փոխանցվի գումարը: Դա կլինի տվյալ քաղաքացու համար գումարների ստացման ամենահարմար եղանակը: Քաղաքացիները կարող են մոտենալ սպասարկող բանկոմատին գումարը կանխիկացնելու, վճարումներ կատարելու համար: Սակագները կարող են տարբեր լինել, սակայն առևտրային բանկերը  կանեն այնպես, որ կանխիկացումներն իրենց բանկոմատներում անվճար լինեն:  Եթե նույնիսկ պարզվի, որ գործող քարտ կա  հաճախորդի մոտ, բայց քարտը կորել է, նա  կարող է մոտենալ բանկ, բանկի սպասարկող սրահից կանխիկով վերցնել իրեն հասանելիք գումարը  կամ դիմում գրել և վերաթողարկել քարտը»,-նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք քարտեր չունեն՝ ԿԲ նախագահի տեղակալն տեղեկացրեց, որ նման անձանց համար բանկերը կիրականացնեն անվճար սպասարկում ինչպես քարտերի տրամադրման, այնպես էլ իրենց բանկոմատներում կանխիկացման վճարումների հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով