Որոնք են եղել դրամական փոխանցումների հիմնական ուղղությունները` ըստ ԿԲ տվյալների

3 Min Read

Հայաստանի տնտեսության համար շարունակում են չափազանց մեծ դերակատարում ունենալ արտերկրից դրամական փոխանցումների ծավալները։

Այս միջոցները, տարբեր տատանողականությամբ, մտել են Հայաստան ինչպես հարաբերականորեն խաղաղ, այնպես էլ ծանր ժամանակահատվածներում։ Ինչպես վկայում են ԿԲ տվյալները, 2023թ-ի հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով  արտերկրից մուտք եղած գումարների ծավալները կազմել են մոտ 377 մլն ԱՄՆ դոլար։

Մյուս կողմից  ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ամսական փոխանցումների ծավալները կազմել են 244 մլն ԱՄՆ դոլար։

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի հուլիսին նախորդ ամսվա համեմատ արտերկրից ստացված գումարների ծավալները նվազել են 15%-ով, իսկ արտերկիր ուղարկված գումարների ծավալները՝ 22%-ով։

Իրավիճակն էլ ավելի է վատթարացել տարեկան կտրվածքով։ Մասնավորապես, 2023թ-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ արտերկրից ստացված գումարների ծավալները կրճատվել են 34%-ով, իսկ արտերկիր ուղարկված գումարների ծավալները՝ 44%-ով։


Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը հրաժարվում Unistream փոխանցումների համակարգի սպասարկումից․ ԿԲ-ն պարզաբանում է


ՀՀ ԿԲ կողմից ներկայացված նոր տվյալների շնորհիվ հնարավոր է դառնում Հայաստան և Հայաստանից փոխանցված գումարների ուղղությունները տեսնել առավել մանրամասնորեն։

Առաջին հերթին ուսումնասիրենք` որ հիմնական ուղղություններից են Հայաստան գումարներ փոխանցվում․

Հաշվարկները ցույց են տալիս, որ ՌԴ-ից և ԱՄՆ-ից բացի Հայաստան գումարներ են ուղարկվել`

 ԱՄԷ` 5%                                       Շվեյցարիայից՝ 3%                       Գերմանիայից՝ 2%։

Նկատենք, որ ԱՄԷ-ից փոխանցումների ծավալները 2023թ-ի հուլիսին նախորդ տարվա և նախորդ ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար  5,6%-ով և 2,7%-ով։

Ռուսաստանից փոխանցումների ծավալները 2023թ-ի հուլիսին նախորդ տարվա և նախորդ ամսվա համեմատ նվազել են համապատասխանաբար 0,5%-ով և 25%-ով։

ԱՄՆ-ից փոխանցումների ծավալները 2023թ-ի հուլիսին նախորդ տարվա համեմատ նվազել են 0,02%-ով, իսկ  նախորդ ամսվա համեմատ աճել են 0,03%-ով։

ՈՒսումնասիրենք Հայաստանից գումարների փոխանցման հիմնական ուղղությունները․

Հայաստանից ուղարկված գումարների ծավալների 22%-ը պատկանում է Ռուսաստանին։  Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար ԱՄՆ-ն՝ 13,1%, և ԱՄԷ-ն՝ 13%։

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար Մոնակոն՝ 6%, Վրաստանը և Իսպանիան՝  մոտ 5%։

2023թ-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ ՌԴ  ուղարկված գումարների ծավալներն աճել են 99%-ով, իսկ հուլիսին նախորդ ամսվա համեմատ՝ 35%-ով։

2023թ-ի հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոխանցված գումարների ծավալների ամենամեծ կրճատումը դիտվել է Մոնակոյի պարագայում՝ 55%-ով։

Սակայն, 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ Մոնակո ուղարկված գումարների ծավալներն աճել են 1,36 անգամ։

2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ Հայաստանից ուղարկված գումարների ամենամեծ աճը՝ 1,8 անգամ, արձանագրվել է Իսպանիայի պարագայում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով