Որքան են կազմել ապահովագրական վճարներն ու հատուցումները՝ ըստ տարբեր դասերի. Ինֆոգրաֆիկա

3 Min Read

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ որևէ մեկը ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի իրադարձություններից ու դրանց հետևող իրավիճակներից։ Մասնավորապես, թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում արդեն ավելի քան 100 000 արցախցի տեղափոխվել է Հայաստան։ Մարդիկ չունեն ոչինչ՝ աշխատանք, տուն, սնվելու հնարավորություն և այլն։

Բացի նշված խնդիրներից՝ շատ հաճախ արձանագրվում են տարերային աղետներ, որոնց հետևանքով մարդիկ մնում են առանց ոչնչի՝ կորցնելով ամեն ինչ։ Օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժները ոչ միայն խլում են հազարավոր մարդկանց կյանքեր, այլև նրանց կեցավայրն ու ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքը: 

Շատ է պատահում, երբ կարկուտը վերացնում է գյուղատնտեսական ողջ բերքը։ Այսպիսի դեպքերը չափազանց շատ են, և գյուղացին, հողագործը պետք է նախորոք փորձի իրեն ապահովագրել այդ և ցանկացած այլ իրավիճակից:

Իսկ կյանքի ապահովագրության առկայության պարագայում դժբախտ պատահարների դեպքում որոշակի ֆինանսական հատուցում կստանան  հարազատները։

Ինչևէ, Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն: Արդյո՞ք 7 ապահովագրական ընկերությունների առկայությունը շուկայում բավարար է, միգուցե կարիք կա նոր խաղացողների՞, որոնք  ապահովագրության նոր գործիքներ և մեխանիզմներ կառաջարկեն։ Ամեն դեքպում ապահովագրության ոլորտը Հայաստանում վերափոխվելու և նորովի զարգանալու կարիք ունի։


«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր


ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ ոչ կյանքի ապահովագրության գծով պայմանագրերի քանակը 2023թ-ի հունիսի վերջին կազմել է 931,202 հատ։ 2023թ,-ի հունիսի վերջի դրությամբ ոչ կյանքի ապահովագրության ապահովագրավճարների գումարը կազմել է 17,7 մլրդ դրամ, իսկ հատուցումների ծավալը՝ 10,7 մլրդ դրամ։ Ստացվում է, որ հատուցում/ապահովագրավճարներ հարաբերակցությունը 2023թ․-ի հունիսի վերջին կազմել է 61%:

Հետաքրքիր է պարզել ապահովագրավճարների բաշխումը՝ ըստ ոչ կյանքի ապահովագրության տարբեր դասերի․

Պարզվում է՝ ապահովագրավճարների 35%-ը պատկանում է ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը։

Ապահովագրավճարների 30% մասնաբաժին ունի առողջության ապահովագրությունը։

Հրդեհից և բնական աղետներից ապահովագրության մասով ապահովագրավճարների մասնաբաժինը ընդամենը 9% է։

Ցամաքային տրանսպաորտի գծով ապահովագրավճարների մասնաբաժինը ընդհանուր ապահովագրավճարների մեջ կազմել է 6%։

Դժբախտ պատահարներից ապահովագրության գծով ապահովագրավճարների մասնաբաժինը կազմել է 3%։

Մյուս կողմից հետաքրքիր է ուսումնասիրել հատուցումների ծավալների բաշխումը՝ ըստ ոչ կյանքի ապահովագրության տարբեր դասերի․

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կատարված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալներում ունի 57% մասնաբաժին:

Առողջության ապահովագրական հատուցումների մասնաբաժինը կազմել է 34%։

Ֆինանսական վնասների, ցամաքային ապահովագրության և հրդեհից ու բնական աղետներից ապահովագրության գծով կատարված ապահովագրական հատուցումների մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 4%, 3% և 2%։

Կիսվեք այս հոդվածով