Արցախցիները 100 հազար դրամ կստանան. նախարարը ներկայացրեց ընթացակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Արցախից տեղահանված և խնամքի կարիք ունեցող շուրջ 100 միայնակ մնացած տարեցներ, որոնց թվում նաև հաշմանդամներ կան, տեղավորվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող համապատասխան խնամքի կենտրոններում։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Խնամքի հաստատություններում են տեղավորվել նաև առանց ծնողական խնամքի մնացած ավելի քան 20 երեխաներ։ Ունենք նաև դեպքեր, երբ երեխաներն առանց ծնողների ուղեկցության են եկել ԼՂ–ից։ Նրանք հիմա հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում են։ Փորձում ենք ապահովելնրանց և ծնողների կապը»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` խնդիրները համակարգային լուծելու համար մի շարք հարթակներ են գործարկել։
«Առաջնային կարիքի արձանագրման հարթակում ժամը 14։00–ի դրությամբ ավելի քան 15 300 կարիք է արձանագրվել, իսկ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 ՀԿ–ներ և բարեգործական կազմակերպություններ իրենց առաջարկներն են ներկայացրել։ Նախարարությունն այժմ այդ կարիքները բավարարելու համար ակտիվ կապ է հաստատում մարզպետարանների, համայնքապետարանի հետ, որպեսզի կարողանան փուլ առ փուլ լուծել առկա խնդիրները»,– ասաց Մկրտչյանը։
Նա հավելեց, որ թեժ գծով ստացված 8 500 զանգ է սպասարկվել։
Նախարարը վստահեցրեց, որ արտակարգ ռեժիմով են աշխատելու, միացյալ սոցիալական աջակցության ծառայությունը շուրջօրյա հերթապահություն կունենա, որպեսզի բոլոր արցախցիները հնարավորինս արագ ու արդյունավետ սպասարկվեն։

Մանրամասները`տեսանյութում:

Share This Article