Չճանաչված պետություններից կդադարի գոյություն ունենալ միայն Արցախը

3 Min Read

Հայաստանի և աշխարհի համայն հայության համար վերջին ավելի քան 5 տարին չարագույժ լրահոսով ողողված մի ժամանակահատված է։ Հերթական բոթն այն մասին էր, որ Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ: Իհարկե, Արցախը շնչում է քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, սակայն ինչպես վկայում են փաստերը, շատ շուտով Արցախն ամբողջությամբ հայաթափ կլինի, ավելին մեծ հարց է՝ արդյոք Արցախում առհասարակ կպահպանվեն հայկականության հետքերը: 

Արցախի՝ դեռևս պաշտոնավարող նախագահը ստորագրել է մի փաստաթուղթ, որն ամբողջությամբ կապամոնտաժի Արցախի Հանրապետությունը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/ մինչև 2024թ․-ի հունվարի 1-ը։ Այո՛, բոլորիս համար շատ ծանր և դժվար ժամանակներ են։ Մտնում ենք պատմության հերթական մի փուլ, որտեղ կրկին հայից խլում են, հայը բռնի տեղահանվում է, աշխարհը լուռ հետևում է ու <<հայտնում իր մտահոգությւոնները>>, իսկ մեղավորները մնում են անպատիժ:

Աշխարհում կան բազմաթիվ չճանաչված պետություններ, սակայն Արցախը միակն էր, որն ամբողջությամբ վերացվեց․

Ահա տեսնում ենք այն պետությունների ցանկը, որոնք կան, սակայն ճանաչված չեն կամ մասնակիորեն են ճանաչված։ Այս պետությունների մեջ անկախության ամենաերկար պատմությունն ունեն՝
*Չինաստանի Հանրապետությունը՝ 112,
*Ազադ Ջամու և Քաշմիրը՝ 77,
*Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետությունը՝ 48 տարի։

Այս երկրներից չճանաչվածության տեսանկյունից ամենավատ իրավիճակում է Ազադ Ջամու և Քաշմիրը, որը ճանաչվել է միայն Պակիստանի կողմից։
Գործում են նախկին Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած երկրները՝ Հարավային Օսիան՝ 33 տարի, Աբխազիան՝ 32 տարի, Մերձդնեստրը՝ 34 տարի։

Այս համատեքստում Արցախ պետության գոյությունը տևեց 33 տարի։ Հասկանալի չէ, ասենք, ինչու արցախցին չի կարող ունենալ սեփական պետություն, իսկ 7 տարի անկախություն ունեցող Ամբազոնիան, կամ 16 տարի անկախություն ունեցող Կոսովոն իրավունք ունեն անկախանալ։ Ցավոք, այստեղ կրկին և կրկին նկատում ենք այն երկակի չափանիշները, որոնք եղել են ու կան աշխարհում։


Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ


Անկախություն ունենալ կամ չունենալը ուժի, բայց նաև իրավիճակային շահերի հարց է։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ արցախցին չի կարող ապրել ոճրագործ թշնամու  թրի տակ, սակայն անհասկանալի միջնորդություններ են անում, որոնց նպատակն է համոզել հայերին ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի՝ ադրբեջանական իշխանության ներքո։

Հայ ժողովդրի դարավոր պատմությունը ցույց է տվել դրա անհնարինությունը։ Այն ժամանակներում, երբ թուրքերի հետ խաղաղության ջատագովները Հայոց աշխարհում գերակշռող մաս են կազմել, մենք ականատես ենք եղել ցեղասպանության, հայաթափման, մշակույթային կոթողների ավերման։ Եվ նոր ժամանակներում պարզվում է՝ աշխարհում ոչինչ չի փոխվել։ Աշխարհն ապրում է նույն բարքերով, իսկ մենք շարունակաբար աչք ենք փակում այդ իրողության վրա, ասել է թե՝ դասեր չենք քաղում սեփական պատմությունից:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով