Ֆրանսիան վճռական է՝ լինելու Հայաստանի և հայ ժողովրդի կողքին և աջակցություն ցուցաբերելու փախստականներին, որոնք ստիպված են լքել իրենց հողերն ու տները՝ հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:
Նշվում է, որ ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշման համաձայն՝ Փարիզը այդ նպատակով կտրամադրի 7 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն:
«Ադրբեջանը պետք է վերականգնի մարդասիրական անխոչընդոտ մուտքը՝ հատկապես Հայաստանի ու ՄԱԿ-ի կազմակերպությունների համար, և անհապաղ ապահովի մարդասիրական օգնության լիարժեք և անխոչընդոտ մուտք՝ ի շահ տուժած բնակչության»,- ասել է Կոլոննան։
Այս ֆինանսական օգնությունը լրացնում է 2023 թվականի սկզբից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով Ֆրանսիայի կողմից արդեն հատկացված 5,5 միլիոն եվրոն՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում փախստականներին և ներքին տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը հասցնելով 12.5 միլիոն եվրոյի։
ԱԳ նախարար Կատրին Կոլոննան տեղեկացրել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնը Հայաստան կտեղափոխի 250 ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և շտապ օգնության միջոցներ, 40 տուփ ընդհանուր և շտապ օգնության դեղամիջոցներ, մոտ 9000 ստերիլ կոմպրեսներ ևն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում