Մաքսային հսկողության գոտիներում կսահմանվեն վարքագծի պարտադիր կանոններ. նախագիծ

1 Min Read

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` դրանք դարձնելով գործնականում ավելի կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին: Միևնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների ընդունման Կառավարության լիազորությունը, ինչպես նաև վերջիններիս չպահպանելը` որպես մաքսային կանոնների խախտում։

Գործող կարգավորմամբ անձը կարող է վարչական ձերբակալման ենթարկվել 3 օրով. նախագծով առաջարկվում է այդ սահմանաչափը դարձնել 6 ժամ:

Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը երկամսյա ժամկետում  պետք է սահմանի  մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները:

Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բխում է միջազգային փորձից. նման կարգավորումներ գործում են ԵԱՏՄ երկրներում, ինչպես նաև Վրաստանում:

Գրեթե ամբողջությամբ ընդունվել են ԱԺ աշխատակազմի համապատասխան վարչությունների առաջարկները:

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Կիսվեք այս հոդվածով