Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:
«Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:
Դրան զուգահեռ՝ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:
Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում