Որոշվեց հայկական ևս մեկ պետության ճակատագիրը ՀՀ անկախության տոնից 1 օր առաջ

3 Min Read

Ցավով պետք է փաստենք, որ Արցախը հանձնվեց թշնամուն։ Ամենավիրավորականն այն է, որ դա տեղի է ունենում ՀՀ պետականության կարևորագույն տոնից՝ Անկախության տոնից առաջ։

Արցախցիները փորձեցին պաշտպանել սեփական երկիրը, սակայն իրավիճակը փրկել հնարավոր չէր, քանի որ ձեռնպահ էր թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը։

Ներկայումս Արցախը կանգնած է ամբողջական դատարկման եզրին։ Ադրբեջանական վայրագություններից հետո բազմաթիվ արցախցիներ զոհվել, վիրավորվել և տարհանվել են։

Հայաստանյան ներկայիս իշխանությունները մեղավոր են, որ չկարողացան կանխել իրերի ներկայիս դասավորությունը և երկիրը նախկինների հետ միասին հասցրին այս վիճակին։ Մեղավոր են նաև արցախցիները, ովքեր արցախյան առաջին գոյամարտից հետո սեփական երկիրը շենացնելու փոխարեն զբաղված էին Հայաստանի ներքին հարցերով։

Հայաստանում և Արցախում վարվող ներքին անտրամաբանական և անարդյունավետ քաղաքականությունը վերջի վերջո պետք է հանգեցներ այս իրավիճակին։


Արցախը կզինաթափվի. Համաձայնություն է ձեռք բերվել

Մյուս կողմից ակնհայտորեն ձախողվել է նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում տարածաշրջանում Հայաստանը և Արցախը մնացել են միայնակ։ Մինչդեռ Հայաստանը կանխավ պիտի ունենար հստակ ռազմավարություն։

Ներկայիս իրավիճակում վտանգ կա նաև կորցնել Հայաստանը, հետևաբար պետք է գործել խիստ զգուշորեն։ Բոլորս էլ գիտեինք, որ Արցախի գրավումը լայն հնարավորություն է Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու համար։ Այս ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, նաև փոխկապակցված է աշխարհում խորացող հակասությունների հետ։

Փաստացի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ամբողջությամբ մատնված է անգործության և աշխարհում բոլորը փորձում են իրենց հարցերը լուծել այնպես, ինչպես նպատակահարմար են համարում։

Դրա մասին են վկայում անվտանգության խորհրդի հիմնական անդամների քվեարկությունները տարբեր հրատապ հարցերի շուրջ․

Իսկապես իրավիճակը 2022թ-ին անվտանգության խորհրդում ավելի է վատթարացել։ Դեռևս 2021թ-ին  անվտանգության խորհդի մշտական անդամների կողմ քվեները տարբեր հարցերի շուրջ էականորեն բարձր էին։

Սակայն, արդեն 2022թ-ին նկատում ենք էական անկում հատկապես ՌԴ-ի և Չինաստանի մասով, որոնց կողմ ձայների թվաքանակը 2022թ-ին կազմել է համապատասխանաբար 44 և 41 միավոր։

Դրա փոխարեն աճել են չեզոք ձայների թիվը, որտեղ ամբողջովին արտացոլվել է անվտանգության խորհրդի անտարբերությունը աշխարհում ստեղծված տխուր իրավիճակի շուրջ։

Կրկին ՌԴ-ն և Չինաստանը չեզոքություն են պահպանել 12 ձայնով։ Եվ մյուս անհանգստացնող փաստն այն է, որ կտրուկ աճել են դեմ քվեարկությունները։ Այս հարցում բացառիկ ռեկորդը պատկանում է ՌԴ-ին՝ 4 դեմով։ 

Այսպիսով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կատարյալ չեզոքության և երկատվածության պայմաններում սպասել, որ շոշափելի է լինելու ազդեցությունը Արցախի հարցով և հնարավոր է լինելու ինչ-որ կարգավիճակ ունենալ Ադրբեջանի կազմում, անտրամաբանական է։

Ինչպես դար առաջ, այնպես էլ հիմա, գուցե մի փոքր այլ ձեռագրով, բայց հայերի ցեղասպանությունը շարունակվում է, և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրելու։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով