Աշակերտները կսովորեն ծախսերը խելամիտ կառավարել, տարբերել կեղծ փողն իրականից․ Ֆինանսական գրագիտությունը՝ դպրոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Min Read

Այս տարվանից ՀՀ դպրոցներում աշակերտները հնարավորություն կունենան նոր թափով ֆինանսական գրագիտություն ստանալ տարբեր առարկաների շրջանակներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն»։

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար ներդրվել են հեղինակային տարբեր խմբերի նոր դասագրքեր։

«Ֆինանսական բարեկեցության եւ ֆինանսական առողջության կարեւորագույն նախապայմաններից մեկը ֆինանսական կրթությունն է։ Իսկ կրթվելու ամենանպաստավոր տարիքը դպրոցական տարիքն է, քանի որ որքան երիտասարդ տարիքում են սովորում, այնքան հեշտ է առողջ ֆինանսական սովորույթները ինտեգրել հետագա կյանքում։ Սա է նպատակը, որ ֆինանսական կրթությունը եւս դպրոցական ծրագրում է»,- BanksNews.am-ի հետ զրույցում նշեց ԿԲ Ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետ Արաքս Մանուչարյանը։

2015 թվականից Կենտրոնական բանկը եւ ԿԳՄՍՆ հետազոտությունների արդյունքում որոշում կայացրին ֆինանսական կրթությունը ոչ թե առանձին առարկա դիտարկել, այլ այն ինտեգրել 4 առարկաների մեջ.
– Ես եւ շրջակա աշխարհը տարրական դպրոցում,
– Մաթեմատիկան տարրական ու միջին դպրոցներում,
– Հանրահաշիվը եւ հասարակագիտությունը միջին եւ ավագ դպրոցներում։

Արդյունքում այս բոլոր առարկաների 9560 ուսուցիչները վերապատրաստվել են 2018-ին ԿԱԻ-ի հետ, հետագայում Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցության արդյունքում։

Գրվել են ֆինանսական կրթության չափորոշիչները, ուսուցիչներին փոխանցվել առարկայական մեթոդական ձեռնարկներ։ Հետագայում այդ նյութերն ընդգրկվել են հանրակրթական նոր չափորոշչում տնտեսական կարողունակության տեսքով, նաեւ առարկաների վերջնարդյունքների մեջ մտան։

«Դասագրքերը նախկինում եւս ունեցել են ֆինանսական կրթության բաղադրիչներ, սակայն դրանք ավելի են ուժեղացել հանրարթական նոր չափորոշչում։ 2-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում նրանք կսկսեն մտածել խնայողության մասին, նախ բնության, ռեսուրսների տեսանկյունից, հետո արդեն բարձր դասարաններում կսովորեն նաեւ գումարը խնայել։ Նրանք կսովորեն մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին։ Կմտածեն նաեւ նրա մասին, որ փողը միջոց է, այլ ոչ կյանքի գլխավոր նպատակ»,- նշեց Մանուչարյանը:

Նույն դասարանի մաթեմատիկայի ծրագրով սովորողներն արդեն ծանոթանում են հայկական դրամներին, որպեսզի տարբերեն կեղծ փողն իրականից։ Արդեն կարողանում են կատարել գնումներ, ստանալ մանրը։

«5-րդ եւ 7-րդ դասարանների մաթեմատիկայի ու հանրահաշվի ծրագրում նրանք խորացնում են գումարի հետ կապված հաշվարկներ անելու հմտությունները»,- նշում է ԿԲ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ 7-րդ դասարանի հասարակագիտության դասագիրքը ապագա քաղաքացիներին օգնում է տարբերել կարիքներն ու ցանկությունները, կազմել անձնական բյուջե։

«Այստեղ խորանում է խնայողության մասին գիտելիքը, աշակերտներն ուսումնասիրում են, թե ինչպես կարող են ծախսերը խելամիտ կառավարել, որպեսզի հնարավոր լինի նաեւ խնայել: Եվ այս ամենը զարգանում է, կապվում տնտեսագիտության հետ՝ թեմաներն են տնտեսական որոշումներ, սակավության գաղափար, տնտեսական ռեսուրսներ եւ այլն։ Իհարկե բարելավելու տեղեր շատ կան, որովհետև հեղինակները հաճախ միայն գիտելիք են մատուցում, սակայն շատ կարևոր է աշակերտներին մտածելու, որոշումներ կայացնելու հնարավորություն տալը։ Օրինակ՝ մաթեմատիկա առարկայում ավելի շատ հաշվարկներ են դասագրքերում, բայց շատ քիչ են հարցերը՝ իսկ ի՞նչ որոշում կկայացնես այդ իրավիճակում կամ ինչպե՞ս կօգտագործես այս տեղեկությունը քո կյանքում»։

Մանուչարյանի խոսքով՝ սա դեռ սկիզբն է. ամեն տարի նոր դասագրքերի բովանդակությունը կհամալրվի ֆինանսական կրթության կարեւոր ու օգտակար տեղեկությամբ՝ ըստ հանրակրթական նոր չափորոշչի։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում ֆինանսական գրագիտության մուտքը դպրոցներ։ Նրա խոսքով՝ այն կօգնի աշակերտներին զգալ ավելի պաշտպանված այս ոլորտում․

«Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, երբ բոլորս օգտվում ենք բանկային ծառայություններից, օնլայն բանկինգից, ունենք քարտեր, աշխատավարձը ստանում ենք բանկերով, գնումներ ենք կատարում օնլայն հարթակներում։ Բնականաբար ֆինանսական գրագիտությունը մեզ պետք է, որպեսզի մենք պաշտպանված լինենք այդ մախինացիաներից և նաև որպես սպառող լինենք ավելի գիտակից։ Հիմա նաև վտանգ կա, որ մարդիկ առնում են շատ ավելին, քան իրենց պետք է։ Ֆինանսական գրագիտության նպատակն է տարբեր առարկաների միջոցով՝ մաթեմատիկա, հասարակագիտություն, Ես և շրջակա աշխարհը», երեխաներին սովորեցնենք այդ գրագիտությունը։ Լավ է, որ դա առանձին առարկա չէ, ինտեգրվում է գոյություն ունեցող առարկաների մեջ։ Գործնական հմտությւոն է, որը բոլորիս պետք է պաշտպանված զգալու համար»,-BanksNews.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը։

Անժելա Պողոսյան

TAGGED:
Share This Article