ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը

1 Min Read

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից  ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։

Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած  բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի  մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ։ Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով` բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ, որտեղ անցկացված հսկողության արդյունքում` ցեմենտի պարկերի արանքում,  հայտնաբերվել է շուրջ 10 հազար տուփ ծխախոտ։

Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից  բացահայտվել է Ագարակ պետական սահմանի անցման կետով  մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով ընդհանուր 47 հազար 543 տուփ ծխախոտի ապօրինի տեղափոխման 84 դեպք։ Հարուցվել են վարչական վարույթներ` Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Մաքսավորների ուշադրության ներքո է գտնվում նաև կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ծխախոտների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխումը, այդ թվում՝ որպես անձնական օգտագորմծան ապրանք։ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 3 դեպքով Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու նպատակով։

Share This Article