Երասխում գործող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել: Այս մասին այսօր լրատվամիջոցներին տեղեկացրել են GTB հոլդինգից։
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր X-ում տեղեկացրել էր, որ իրենց ներկայությամբ նպաստում են սարքավորումների անվտանգ տեղափոխումն այլ վայր, ավելի ուշ Եվրամիությունը խմբագրեց այս հայտարարությունը:
«ԵՄ դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը, դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում», – ասված է արդեն խմբագրված հայտարարություն մեջ:
Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ կես տարի առաջ, նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում