Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լոնդոն քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 16,670,800 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ: Ըստ հիմնավորման՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թ. տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:
2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունն իր գործունեության ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում