Նախորդ վերլուծությունում մեր ընթերցողներին ներկայացրեցինք, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորել ՀՀ տնտեսության առանցքային ցուցանիշները 2023թ.-ի հուլիսին: Այո՛, ցուցանիշները վերաբերում են դեռևս հուլիս ամսվան, սակայն դրանք յուրօրինակ տեղեկատվություն են տալիս տնտեսության վիճակի մասին և, անշուշտ, հուլիսին արձանագրված գործընթացների հետևանքները մենք զգալու ենք սեպտեմբերին, որի մասով վիճակագրական տեղեկատվությունը մեզ հասանելի կլինի նոյեմբերին:
Ներկայացված վերլուծությունում նկատեցինք, որ 2023թ-ի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենաէական անկումը դիտվել էր արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներում:
Հետևաբար, մեզ բոլորիս չէր կարող չհետաքրքել, թե արդյունաբերության որ ոլորտներն են արձանագրված անկման հիմնական մեղավորները:
Նկատենք, որ 2023թ-ի հուլիսին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 216, 727.1 մլն դրամ, իսկ 2022թ-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում՝ 1,384,262.1 մլն դրամ: Վերջինս 2022թ-ի հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5%-ով: Չշեղվելով մեր վերլուծության հիմնական նպատակից՝ ներկայացնենք, թե ինչպես են փոխվել արդյունաբերության համախառն արտադրանի ծավալները՝ ըստ հիմնական ուղղությունների 2023թ.-ի հուլիսին 2022թ.-ի հուլիսի և 2023թ-ի հունիսի համեմատ.
Կատարված հաշվարկները փաստում են, որ 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի և 2023թ.-ի հունիսի համեմատ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում արտադրանքի ծավալներն աճել են համապատասխանաբար 2.9%-ով և 8.9%-ով:
էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ոլորտում 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի և 2023թ.-ի հունիսի համեմատ արտադրության ծավալներն աճել են համապատասխանաբար 0.4%-ով և 11.3%-ով:
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտում 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.6%-ով, իսկ 2023թ.-ի հունիսի համեմատ արձանագրվել է աճ 4.8%-ով:
Ամենաբարդ իրավիճակը նկատվել է մշակող արդյունաբերությունում, որտեղ 2023թ.-ի հուլիսին 2022թ.-ի հուլիսի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.1%-ով, իսկ 2023թ.-ի հունիսի համեմատ՝ 2.1%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում