Փոփոխություններով իրավական հիմք կապահովվի տարբերակված գույնի գետնանշումների իրականացման համար` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման նպատակով, ինչն էլ թույլ կտա համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանել՝ ըստ գոտիականության:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է խմբագրական բնույթի փոփոխություն կատարել գործող օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել:
Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, համաձայն որոնց՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ համայնքների բյուջեները կհամալրվեն համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը հնարավորություն կտա համայնքներին իրականացնել բնակչության խմելու եւ ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:
Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ մոտ ապագայում կվերանայվի այդ մասհանումների 30 տոկոսի չափը եւ այն ամենայն հավանակությամբ կբարձրանա:
Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել: Ընդունվել է խորհրդարանի փորձագետների տեխնիկական բնույթը առաջարկը:
Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը շեշտադրել է օրենսդրական փաթեթի կարեւորությունը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը եւ հանձնաժողովի անդամները ողջունել են նախագծի ընդունումը եւ ընդգծել մասհանումների տոկոսի բարձրացման անհրաժեշտությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերը եւ գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման մսամթերքի (կենդանական ծագման մթերքի եւ հումքի) պարտադիր լինելու պահանջը, կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մսամթերք հայտնաբերելու դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց լիազորությունները:
Ի պատասխան հանձնաժողովի անդամների՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ մտահոգություններին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը միտված է սպանդանոցային համակարգում տիրող բարձիթողի վիճակի բարելավմանը:
Նա տեղեկացրել է, որ գրանցված 100 սպանդանոցից գործում է 50-ը: Նշվել է, որ առավել ճկուն պետք է դարձնել, այսպես կոչված, շրջիկ սպանդանոցների գործունեությունը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով մեր համաքաղաքացիների մեծ մասը գերադասում է մի քանի հարյուր դրամ ավելի վճարել՝ ապահովելով իր սննդային անվտանգությունը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքների նախագծերին:
««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում