Ինչպիսին է իրավիճակը աշխատանքի շուկայում

2 Min Read

Հայաստանում տնտեսության աճի միտումները շարունակում են պահպանվել՝ չնայած Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող սադրանքներին և աշխարհաքաղաքական ընդհանուր լարված դրությանը: Իրավիճակին համապատասխան գործում է աշխատանքի շուկան՝ գրեթե նախկին տարիների պես.  հազարավոր երիտասարդներ աշխատանք են փնտրում, հաստիքների համար հայտարարված մրցույթները մեծամասամբ ձևական բնույթ են կրում, և նախկինի պես աշխատանքի շուկան ենթարկվում է ամենահզոր գործոնի՝ խնամի-ծանոթ-բարեկամ բացասական ազդեցությանը:


2023թ. հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766


Անշուշտ, չի բացառվում, որ տվյալ ծանոթը կամ բարեկամը աշխատանքի է ընդունվում մրցույթի շրջանակներում, սակայն հիմնականում տվյալ թեկնածուները ունենում են թաքնված մրցակցային առավելություններ: Իրավիճակը չշտկելու պարագայում բացասական հետրևանքներն էլ ավելի են խորանալու՝ հարվածելով թե՛ որակին, թե՛, հետևապես,  տնտեսությանը:

Այս համատեքստում ճիշտ կլինի նաև անդրադարձ կատարել ՀՀ աշխատանքի շուկայի մի շարք առանցքային ցուցանիշներին 2023թ-ի առաջին եռամսյակում.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում 2023թ-ի առաջին եռամսյակում աշխատանքային ռեսուրսների  թվաքանակը կազմել է 2,218,700 մարդ: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատանքային ռեսուսների թվաքանակն աճել է 0.3%-ով, իսկ  նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.8%-ովՊետք է հաշվի առնել, որ այս ընթացքում և դրանից առաջ Հայաստան են ժամանել մարդիկ այլ երկրներից, որոնք, հնարավոր է, որ արդեն ՀՀ քաղաքացիություն ստացած լինեն:

Աշխատուժի թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 1,309,300 մարդ, որի մեջ ներառված են գործազուրկները՝ 179,600 մարդ և զբաղվածները՝ 1,129,700 մարդ: Նկատենք, որ աշխատուժի թվաքանակը նախորդ տարվա նույն եռամսյակի և նախորդ եռամսյակի համեմատ աճել է համապատասխանաբար 4.2%-ով և 0.2%-ով: Ընդ որում՝ զբաղվածների թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5.5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 1%-ով:

Մյուս կողմից գործազուրկների թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 3.6%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ աճել է շուրջ 8.3%-ով:

Հայաստանում աշխատուժից դուրս բնակչության թվաքանակը կազմել է 909,400 մարդ: Վերջինս 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աշխատուժից դուրս բնակչության թվաքանակը կրճատվել է 4.8%-ով, իսկ 2022թ-ի 4-րդ եռամսյակի համեմատ՝ 2.1%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով