Ամերիկյան քանի՞ ընկերություն է սնանկացել 2023 թ. հուլիսին

2 Min Read

Սեփական գործ հիմնելը և այդ գործին ուշադրությամբ հետևելը շատ բարդ գործընթաց է: Բիզնեսների փակման դեպքերը բավականին հաճախացել են։

Այս երևույթին այլ կերպ ասում են սնանկացում, որը որոշակի մակարդակի հասնելուց հետո կարող է լուրջ վտանգ ներկայացնել տնտեսության համար: Նկատենք, որ սնանկացման համար խնդիրներ կարող են ստեղծել տարբեր տնտեսական շոկերը, ոչ արդյունավետ պետական տնտեսական քաղաքականությունը և այլն:


ԱՄՆ-ի բանկային համակարգը շարունակում է խոցելի մնալ


Սակայն, պետք է նկատի ունենալ, որ տնտեսությունը իր ներքին միջոցներով մաքրման աշխատանքներ է կատարում: Այսինքն, այն կազմակերպությունները, որոնք ձախողվել են, դիցուք, վատ կառավարման պատճառով, պարզապես պետք է իրենց տեղը զիջեն առավել արդյունավետ աշխատող ընկերություններին:

Այս գործընթացներին մենք ականատես ենք լինում մեր տնտեսությունում, բայց դիտարկենք սնանկացման միտումներն աշխարհի համար 1 տնտեսությունում.

Սնանկացած ընկերությունները կարծես նման լինեն պղպջակների, որոնք իրենց կենսացիկլի որոշակի փուլում պարզապես պայթում են:

Վիճակագրական տվյալները հուշում են, որ միայն 2023թ-ի հուլիսին ԱՄՆ-ում սնանկացել է 402 ընկերություն: Վերջինս երկու անգամ գերազանցում է 2022թ-ի հուլիսի ցուցանիշը:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, կորոնավիրուսային համաճարակի ժամանակ` 2020թ-ին, ԱՄՆ-ում սնանկացել է 639 ընկերություն, որը, օրինակ, նախաքովիդյան 2017թ-ի համեմատ աճել է մոտ 23%-ով:

2023թ-ի հուլիսին արձանագրված սնանկացումները հիմնականում նկատվել են 4 ոլորտներում. երկրորդային նշանակության  սպառողական ապրանքների վաճառքի ոլորտում սնանկացել է 48 ընկերություն:

Վերջիններիս հաջորդում են արդյունաբերության ոլորտի ընկերությունները, որոնցից սննկացել է 45-ը:

Երրորդ և չորրորդ տեղերում են հայտնվել առողջապահության և ֆինանսական ոլորտի ընկերությունները, որտեղ համապատասխանաբար սնանկացել են 39 և 26 ընկերություններ:

Նկատենք, որ 2023թ-ի առաջին կիսամյակում ԱՄՆ-ում սնանկացած ընկերությունների մեջ ներառված են 16 ընկերություններ, որոնց պարտավորությունների ծավալներն անցնում են $1 մլրդ-ը:

Դրանց մեջ են մտնում ամերիկյան այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Bed Bath & Beyond»-ը, «SVB Financial»-ը, «Serta Simmons Bedding»-ը և այլն:

Կիսվեք այս հոդվածով