Հնդկական «խոպանը»` Հայաստանում․ հնդիկները գալիս են փող աշխատելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

30-ամյա Ռաշիդը այս տարվա մարտից Հնդկաստանից Հայաստան է եկել աշխատելու։ Հաստատվել է Ջերմուկում, աշխատում է շինարարության ոլորտում։ Թեև նշում է՝ Հայաստանը իր համար թանկ երկիր է, այնուամենայնիվ, աշխատանքը հարմար է, գումարն էլ ընտանիքին է ուղարկում։

«Առավոտյան 9-6-ն եմ աշխատում, Հայաստանը ինձ դուր է գալիս, մարդիկ լավ են վերաբերվում, բայց թանկ երկիր է»,- ասում է Ռաշիդը։

Հայերեն մի քանի բառ է սովորել․ «բարև», «լավ ա»։ Վերջինը բոլոր այն հարցերի պատասխանն է, որոնք չի հասկանում։ Անգլերեն ևս դժվարությամբ է հասկանում ու խոսում, բայց դա չի խանգարում աշխատելուն. գործընկերների հետ «ձեռքով-ոտքով» բացատրելով իրար հասկանում են։

Հարցին՝ որքա՞ն գումար ես ստանում, գործընկերներն են օգնում պատասխանել՝․ օրական 8000 դրամ։

Ջերմուկը շատ է հավանել, ասում է՝ մաքուր քաղաք է։ Ընտանիքի անդամների հետ կապ է պահում, թեև այստեղ դուր է գալիս նրան, այնուամենայնիվ, կարոտում է հայրենիքը։

Զրույցի ընթացքում ծնողներն են զանգում տեսակապով, ոգևորված պատասխանում է ու սկսում պատմել իր առօրյան, ծանոթացնում մեզ հետ։

Ջերմուկում տարբեր ծառայություններից օգտվելիս հաճախ կարելի է հանդիպել հնդիկների։ Հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում։ Տեղացիները նշում են՝ Հայաստանի համար էժան աշխատուժ են, շատերն են նախընտրում աշխատողների պակասը լրացնել օտարերկրացիների միջոցով։


Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աշխատանքային գործունեության հիմքով այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում բնակության իրավունք է ստացել Հնդկաստանի 382 քաղաքացի, նրանցից 18-ը՝ կանայք։

Իսկ այս տարվա 1-ին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանում աշխատանքի հիմքով վավեր կացության կարգավիճակ կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող 725 հնդիկ կա, 38-ը՝ կանայք։

Նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում աշխատանքի հիմքով կացություն ստացած հնդիկների թիվը 232 է, իսկ արդեն իսկ կացության իրավունք ունեցող հնդիկների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ 786 է եղել։

*Այսպիսով՝ թվերը փաստում են, որ այս տարի աշխատելու համար Հայաստան եկած հնդիկների թիվն ավելացել է շուրջ 50 %-ով։

Հնդկաստանում միջին աշխատավարձը կազմում է 31,900 հնդկական ռուփի (387 դոլար), Հայաստանում՝ հունիսի տվյալներով շուրջ 267 հազար դրամ (690 դոլար), այսինքն՝ շուրջ 70 %-ով ավելի։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով