Ինչպես դիմակայել հնարավոր նոր տնտեսական ճգնաժամերի հարվածներին

3 Min Read

Նախքան բուն վերլուծությանն անցնելը, պետք է մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Տորոնտոյի ֆոնդային բորսան կամ TSX աշխարհում խոշորագույններից մեկն է: TSX-ը հիմնադրվել է 161 տարի առաջ և 2021թ-ի տվյալներով վերջինիս կապիտալիզացիան կազմում է $3.4 տրլն:

Հետևաբար, այս բորսայում արձանագրված անկումներն իրենց մասշտաբներով ներկայացնում են աշխարհում տեղի ունեցած տնտեսական խոր ճգնաժամերը: Ուսումնասիրության են ենթարկվել Yahoo Finance-ի 2000-2022թթ-երը նկարագրող պատմական տվյալները, որոնք թույլ են տվել բացահայտել TSX -ի երեք խոշոր անկումները.

Առաջին ժամանակահատվածը, որն անվանում են «դոթքոմի պղպջակ», սկսվեց նոր հազարամյակի սկզբում, երբ գործի անցան նորագույն տեխնոլոգիաները: Մասնավորապես, համացանցի հսկայական պոտենցիալի մասին սպասումները ձևավորեցին մի պղպջակ, որը հանգեցրեց արժեթղթերի գների բարձրացման այն դեպքում, երբ հազարավոր ընկերություններ չեն ստանում շահույթ: Երբ իրականության զգացման հետևանքով վերոնշյալ պղպջակը սկսեց դանդաղ իջնել, ներդրողների տրամադրությունները սկսեցին կտրուկ փոխվել: Սկսվեցին արժեթղթերի մեծածավալ վաճառքներ: 2000թ-ի սեպտեմբերից մինչև 2002թ-ի հոկտեմբեր ժամանակահատվածում TSX-ը էժանացավ 50%-ով: Այնուհետև սկսվեց վերականգնման գործընթացը, որը պայմանավորված էր նրանով, որ բազմաթիվ ընկերություններ նաև ներդրումներ էին արել նոր թվային տեխնոլոգիաներում և, վաղ թե ուշ, պետք է ստանային իրենց գլխավոր մրցանակը:

2007թ-ից TSX-ում արձանագրվեց հերթական անկումը, որի պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր: Բարձր ռիսկային հիփոթեքային վարկավորումը և դրա նկատմամբ թույլ վերահսկողությունն ԱՄՆ-ում հանգեցրին բանկերի շղթայական սնանկացման, վարկավորման գործընթացի սառեցման և տնտեսության անկման: Իսկ ԱՄՆ-ի հիփոթեքային վարկավորման խնդիրները հանգեցրին դոմինոյի էֆեկտի համաշխարհային ֆինանսական համակարգում: 2008թ-ի հունիսից 2009թ-ի մարտն ընկած  ժամանակահատվածում TSX-ի ինդեքսն ընկավ 50%-ով:
Վերականգնման համար TSX-ից պահանջվեց ավելի քան 1300 առևտրային օր: Կանադայի տնտեսությունը սկսեց վերականգնվել հատկապես հումքային ապրանքների գների վերականգնման շնորհիվ:

2020թ-ին ականատես եղանք նոր խնդրի, որը ստացավ  COVID-19 անունը: Այն աշխարհի տնտեսությունը գցեց կարճաժամկետ, բայց խոր անկումների մեջ: Այս ամենի հետևանքով TSX-ի ինդեքսը մյուս խոշոր բորսաների նման անկումներ արձանագրեց: Համաճարակի պատճառով ներմուծված սահմանափակումները հանգեցրին TSX-ի մեկօրյա այնպիսի խոր անկման, որ չէր դիտվել 1940թ-ից ի վեր: Այնուհետև մի քանի շաբաթվա ընթացքում ինդեքսն ընկավ 37%-ով:
Միայն 222 առևտրային օրվա ընթացքում TSX-ը վերականգնվեց՝ հիմնական տոկոսադրույթի նվազման, ինչպես նաև տնտեսական խթանող քաղաքականության և պատվաստանյութերի կիրառման շնորհիվ:

*Ամփոփելով կարող ենք փաստել, որ ցանկացած ճգնաժամ, որն ունի նաև իր առանձնահատկությունները, փոխարինվում է վերականգնմամբ և աճով: Տարբեր ոլորտներ տարբեր կերպ են արձագանքում ճգնաժամերին: Հետևաբար, արժեթղթերի պորտֆելի դիվերսիֆիկացիան կօգնի հետագայում խուսափել ռիսկերից:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով