Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ: Գրեթե բոլոր բանկերը դադարեցրել են համագործակցությունը Յունիստրիմ (Unistream) համակարգի հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը նշեց, որ ամենամեծ դրամական փոխանցման համակարգի՝ Յունիստրիմի (Unistream), հայաստանյան բանկերից դուրս մղվելու պատճառներն, ըստ էության, արևմտյան պատժամիջոցներն են: Դրանցով պայմանավորված՝ հայկական բանկերը չեն կարողանալու կամ չեն օգտագործելու այդ համակարգը, որպեսզի իրենք կարողանան խուսափել արևմտյան գործընկերների որոշակի սահմանափակումներից և պատժամիջոցներից:
«Սկզբնական շրջանում նրանց համար, ովքեր հիմնականում հենց Յունիստրիմ համակարգով էին կատարում իրենց փոխանցումներն, իհարկե, որոշակի անհարմարություն ստեղծվեց, բայց, այնպես չէ, որ Յունիստրիմը (Unistream) միակն էր ու առանց դրա փոխանցումներ չեն կարող իրականացվել, մենք վերջին մեկ-երկու տարվա մեջ ունենք փոխանցումների բավականին մեծ աճ: Այս պահին կան համակարգեր, որոնք կարող են փոխարինել Յունիստրիմ (Unistream) համակարգին»,- նշեց մասնագետը:
Այսօր դրամական փոխանցումների ոլորտում բացի բանկերից և արագ դրամական փոխանցումների համակարգերից, կան նաև թվային ֆինտեխ լուծումներ, որոնք համադրում են մատչելիությունը, արագությունը և առավելագույն հարմարավետությունը հաճախորդների համար (և՛ ուղարկողների, և՛ ստացողների), քանի որ փոխանցումները կատարվում են վայրկյանների ընթացքում՝ բջջային հավելվածի և հեռախոսահամարի միջոցով։
Դրամական փոխանցումների նոր տարբերակները գնալով ավելանում են, օրինակ «Սբերբանկ»-ից հնարավոր է փոխանցում իրականացնել հեռախոսահամարով VTB, EasyWallet, Telcell հաշիվներին (միջնորդավճար – 1%):
Ռուսաստանից Հայաստան կարելի է գումար փոխանցել հարազատների և ընկերների Evoca, ACBA, Ararat, VTB, Telcell հաշիվներին նաև Tinkoff հավելվածով` մինչև 1,5% միջնորդավճարով` նշելով միայն ստացողի հեռախոսահամարը:
Ինչպես նաև հնարավոր է իրականացնել փոխանցում IDpay հավելվածով, որը հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային փոխանցումներ ռուսական ցանկացած բանկային քարտից հայկական ցանկացած բանկային քարտի:
Ռուսաստանից գումար փոխանցողը պետք է պարզապես ունենա IDpay հավելվածը և դրան կցի իր ռուսական ցանկացած բանկի քարտը։
IDpay հավելվածով կարելի է փոխանցել IDBank-ի քարտային և ընթացիկ հաշիվներին նաև ստացողի հեռախոսահամարով, եթե նա այդ բանկի հաճախորդ է։
Փոխանցումներն իրականացվում են միայն ՌԴ ռուբլով՝ ընդամենը 0,9 % փոխանցման միջնորդավճարով, իսկ ամսական սահմանաչափը հասնում է մինչև 1 մլն ՌԴ ռուբլի։
Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումների աճի միտումը 2023 թվականի ընթացքում նույնպես պահպանվել է, և այս պարագայում կարևոր է, որ գործի մի համակարգ, որը չի տուժի ոչ մի տեսակի պատժամիջոցներից և փոխանցումներն էլ կիրականացվեն արագ, հուսալի, հարմար և շուրջօրյա՝ մեկ հարթակի միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում