ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման և լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել և ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ծածկագրված եղանակով իրականացվել է նաև «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում, առանց լիցենզիայի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ԻԻՀ քաղաքացուն տրամադրվել է 800 հազար ՀՀ դրամ՝ իրանական ռիալ գնելու, միաժամանակ, իրանական բանկային քարտին փոխանցելու նպատակով: Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ամիրյան 4/3 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացի Ս․ Ա.-ն իրականացնում է արտարժույթի` դոլարի, դրամի, ԻԻՀ ռիալի առքուվաճառք, ինչպես նաև կատարում է դրամական փոխանցումներ ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման:
Միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով ԻԻՀ քաղաքացու կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:
Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում