Տեղեկություններ են հասել, որ ծրագրեր կան ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով: Այս մասին կառավարության օգոստոսի 24-ի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվել Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ-ի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը ազդարարում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։ «Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է, լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով