Որքան է կազմում բազմաբնակարան շենքերի քանակը ՀՀ-ում

2 Min Read

Վիճակագրական տվյալները փաստում են, որ շինարարության ծավալները հանրապետությունում բուռն կերպով աճում են։ Հիմնականում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։

Անշուշտ, բնակարանային ֆոնդի ընդլայնումն առանցքային խնդիր է, որը պետք է լուծում ստանա։ 2022թ-ին Հայաստանում բազմաբնակարան շենքերի քանակը կազմել է 19,339 միավոր (30,157,258 քառ․մ), իսկ բնակելի տների թվաքանակը՝ 427,463 միավոր (75, 247, 698 քառ․մ)։ Այս պայմաններում հանրապետությունում մեկ բնակչի ապահովածությունն ընդհանուր մակերեսով  կազմել է ընդամենը 35,5 քառ․մ։

Մյուս կողմից, 2023թ-ի երկրորդ եռամսյակում շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակը կազմել է 266 միավոր կամ 135,969 քառ․ մ։

2022թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակն ավելացել է 3,9%-ով, իսկ մակերեսը՝ 95,8%-ով։ Նկատենք, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում շահագործման հանձնված 6 շենք կամ 84,029 քառ․ մ-ը կառուցվել է կազմակերպությունների միջոցների, իսկ 260 շենք կամ 51,940 քառ․ մ-ը՝ բնակչության միջոցների հաշվին։

Սակայն, շինարարությունը Հայաստանում զարգանում է միանգամայն ոչ համաչափ։  Բոլորս արդեն հոգնել ենք Երևան քաղաքում տեղի ունեցող անվերջանալի շինարարությունից։ Ամենուրեք շենքեր են կառուցվում, ճանապարհներ, շինմոնտաժային աշխատանքներ են կատարվում։

Շինարարությունն ամբողջությամբ կենտրոնացված է Երևանում․

Գծապատկեր 1․ Շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի բաշխումը մարզերի միջև 2023թ․-ի երկրորդ եռամսյակում

2023թ-ի երկրորդ եռամսյակում շահագործման հանձնված 135,969 քառ․ մ-ի մոտ 71%-ը պատկանում է Երևանին։

Նկատենք, որ այս ծավալները 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ։

11,9% մասնաբաժին ունի Կոտայքի մարզը, որտեղ  2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսն ավելացել է մոտ 26%-ով։

Շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի 8,6%-ը պատկանում է Արարատի մարզին։ Վերջինումս  2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը ավելացել 2,5%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով