Մի քանի օր առաջ համայն հայությունը ականատես եղավ, թե ինչպես երկրի գլխավոր հրամանատարը, լուծելով ՀՀ բոլոր ներքին և արտաքին խնդիրները, «մեծ խիզախությամբ» ինքնաթիռով Երևանից մեկնեց Կապան՝ այդպիսով սկիզբ դնելով հնարավոր կանոնավոր թռիչքներին։
Փաշինյանը Սյունիքի մարզ է այցելել Երևան-Կապան ավիաչվերթով
Այո՛, պարզվում է մեր միակ չլուծված խնդիրը Երևան-Կապան օդային կապի հաստատումն է։ Այդուհանդերձ, երկրի տարածքում այլընտրանքային տրանսպորտային ուղիների բացումն ունի առանցքային նշանակություն թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության տեսանկյունից։
Փաստացի ստացվում է, որ Հայաստանում գործելու է 3 օդանավակայան։ Դեռևս պարզ չէ, թե Կապան-Երևան կանոնավոր թռիչքները որքան կարժենան սովորական մահկանացուների համար, սակայն այս քայլը նաև մեծ առաջընթաց է տուրիզմի տեսանկյունից։ Պատկերացրեք՝ որքան ժամանակ կարելի կլինի տնտեսել։ Հնարավոր է նաև հետագայում կազմակերպել միջազգային թռիչքներ։
Այս առիթով մեր ընթերցողներին ներկայացնենք օդային տրանսպորտի ակտիվությունը 2023թ-ի առաջին կիսամյակում․
ՎԿ տվյալները փաստում են, որ ՀՀ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալները 2023թ-ի առաջին կիսամյակում կազմել են համապատասխանաբար 8,938.3 հազ․ տոննա և 87,674․1 հազ․ մարդ։ Այս ծավալներում օդային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 2,7% (2,398.3 հազ․ մարդ) և 0,2% (15․2 հազ․ տոննա)։
Օդային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումների ծավալները 2022թ-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 77%-ով։ Ընդ որում՝ հայաստանյան շարժակազմով ուղևորափոխադրումների ծավալներն օդային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումների ծավալների 34%-ն է կազմել։ Վերջինիս ծավալները 2023թ-ի առաջին կիսամյակում 2022թ-ի նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ 2,7 անգամ։
Օդային տրանսպորտով արտահանվել և ներմուծվել են բեռներ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ օդային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալում արտահանման և ներմուծման ծավալների մասնաբաժինները գրեթե ունեցել են նույն մասնաբաժինները՝ համապատասխանաբար 51% և 49%։
2023թ-ի առաջին կիսամյակում 2022թ-ի նույն կիսամյակի համեմատ օդային տրանսպորտով իրականացված արտահանման ծավալներն աճել են 75%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 2 անգամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում