2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 137 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ֆինանսական ինստիտուտների և բիզնես համայնքի միջև, ընդհանուր առմամբ, կնքվել է 2423 պայմանագիր: Նախորդ 12 ամիսներին պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 10 մլրդ դրամ։
Տեղեկացնենք, որ տնտեսության արդիականացման ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականի սկզբին։ Ծրագրի առաջին բաղադրիչը ենթադրում է ընկերությունների ֆինանսական ծախսերի փոխհատուցում, լիզինգի զարգացում, հիմնական միջոցների, այդ թվում՝ արտադրական գծերի արդիականացման համար վարկերի տոկոսների սուբսիդավորում: Ծրագրի շրջանակներում պետությունը վարկային պայմանագրի դեպքում սուբսիդավորում է 7%՝ դրամով, 6% -ը ՝ արտարժույթով, լիզինգային պայմանագրերի դեպքում սուբսիդավորումը դրամով կազմում է 10%, արտարժույթով ՝ 8%: Ծրագրից կարող են օգտվել ագրարային ոլորտի, հանքարդյունաբերության, շինարարության, հեռահաղորդակցության, մասնագիտական գիտական և գիտատեխնիկական գործունեության, առողջապահության և այլ տնտեսվարող սուբյեկտներ:
Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաղորդել էր, որ 2022 թվականին տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում կնքվել է ավելի քան 56 մլրդ դրամ ընդհանուր ծավալով 901 գործարք։ Միայն 2022 թվականի դեկտեմբերին, ըստ նրա, տնտեսվարողները 11 մլրդ դրամի 223 պայմանագիր են կնքել։ Նախարարը հիշեցրել է, որ այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է վարկերի և լիզինգային պայմանագրերի տոկոսային ծախսերի զգալի մասը:
“Վստահաբար կարող եմ ասել, որ ծրագրի շնորհիվ մենք զգալիորեն արագացնում ենք աշխատանքի արտադրողականության աճի տեմպերը, ինչը մեր ընկերությունների մրցունակության գլխավոր գրավականն է”, – Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում