Դատախազությունն ասում է այն մասին, որ «Հայֆիլմ»-ի մասնավորեցման գործընթացում պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշվում է, որ 2005-ին մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը` 350 մլն դրամով: Գործարքով Ընկերությանն են օտարվել Երևանի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 292 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները: Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են «Սի Էս ֆիլմզ» ընկերությանը, որը 2008-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ընկերություն:
Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Հայֆիլմ» կինոստուդիա ընկերությունը՝ 10 տավա ընթացքում։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։
2006-2009 թվականների ընթացքում «Հայֆիլմ» կինոստուդիա ընկերության կողմից կատարվել է ընդամենը 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ:
«Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ընկերության կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս»,- ասված է Դատախազության հաղորդագրությունում։
2015-ին լուծվել է մշակույթի նախարարության և ընկերության միջև կնքված պայմանագիրը, պետությունը 350 մլն դրամը վերադարձրել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։
«Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում