ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read

ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս Մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ:

Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ հասնելուց 2 օր անց: ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը «հետ է կանչվել», ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում։

ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծված ապրանքների մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Օրերս ՌԴ-ից ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարի վարորդը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, ներկայացրել է ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։
Մեքենայի կշռման արդյունքում հայտանբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։ Մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար, որտեղ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ ենթարկվել է մաքսային զննման։ Արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված 305 կգ էլեկտրասարքավորումների փոխարեն՝ բեռնատարում եղել են 209 կգ էլեկտրասարքավորումներ, իսկ հայտարարագրված 830 կգ տնային իրերի փոխարեն՝ ընդամենը 167 կգ է առկա եղել:

Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ վարորդի կողմից չի հայտարարագրվել 2086 զույգ մարզական կոշիկ և 187 կգ հանդիսությունների համար նախատեսված հրավառության պարագաներ։ Փաստի առթիվ, Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքներն ի պահ են վերցվել ՀՀ ՊԵԿ ՀՄՎ Բավրայի մաքսային կետ-բաժնում։

Կիսվեք այս հոդվածով