Երևանում Ֆասթ Բանկի մասնաճյուղում նռնակ պայթեցնելու սպառնալիքով գումար պահանջած տղամարդը դեռև չի հայտնաբերվել

1 Min Read

Հուլիսի 31-ին Երևանում տղամարդը մտել է Խուդյակովի 69/1 հասցեում գործող Ֆասթ Բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար։

«Նախնական տվյալներով՝ ներս է մտել, գլխարկով, դեմքը փակած վիճակում, սպորտային համազգեստով, ձեռքերը հետևում, մոտեցել է աշխատակցին, և ասել է, որ ձեռքում նռնակ կա, եթե գումար չտան՝ կպայթեցնի։ Մի քիչ հեռվում գտնվող մյուս աշխատակիցն այդ ընթացքում կանչ է տվել ոստիկանություն։ Տղամարդը, իմանալով դրա մասին,  ուղղակի փախել է տարածքից»,- Banksnews.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ տղամարդը դեռ հայտնաբերված չէ։

«Մենք ունենք քրեական վարույթ, դեպքից անմիջապես հետո է նախաձեռնվել, ՔՕ 44-252 հոդվածի 1-ին մասով(ավազակության փորձ), և այս պահին նախաքննություն է իրականացվում, դեպքի վայրն է զննվել, դեպքից անմիջապես հետո հետքեր են վերցվել, նշանակված է մատնադրոշմային փորձաքննություն, առգրավվել են բանկի մասնաճյուղի  տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նաև ոստիկանությանը տվյալ անձին ինքնությունը պարզելու, հայնտաբերելու վերաբերյալ օպերատիվ հետախուզական միջոցներ անցկացնելու հանձնարարություն է տրվել, բայց այս պահի դրությամբ դեռևս տվյալ անձը հայտնաբերված չէ»,- նշեց Աբրահամյանը։

Share This Article