Ռուս-ուկրաինական հակամարտության ձգձգումն ինչ-որ պահից սկսած կարող է ծանր հետևանքներ թողնել ՌԴ տնտեսության վրա: Դեռևս ֆինանսական ռեսուրսները կարծես թե բավարարում են, սակայն այն պարագայում, երբ ՌԴ-ն հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում, կոլեկտիվ Արևմուտքը դրա համեմատ սիմվոլիկ գումարներ է հատկացնում Ուկրաինային:
Միայն տարածքներ գրավելը չէ, պետք է նաև հնարավոր լինի դրանք զարգացնել, որը սահմանափակ ռեսուրսներով անհնար կլինի և կօգտագործվի Արևմուտքի կողմից: Արևմուտքը շարունակում է կրճատել ՌԴ ֆինանսական պոտենցիալը:
Որքան էլ ՌԴ-ն պնդի, որ դա հնարավոր չէ, սակայն պետք է հասկանալ, որ Ռուսաստանը հակամարտում է ոչ թե Ուկրաինայի, այլ կոլեկտիվ Արևմուտքի հետ, որի ռեսուրսները՝ թե դրամական, թե տեխնոլոգիական և թե՛ մարդկային, անհամեմատ շատ են և խնայողաբար պահվում են:
ՌԴ ֆինանսական պոտենցիալը կրճատվում է տարբեր ուղղություններով. դրանից մեկը ոսկու արտահանումից ստացվող եկամուտներն են: Մեծ յոթնյակի երկրները և մասնավորապես, Մեծ Բրիտանիան, որոշում է կայացրել հրաժարվել ռուսական ոսկուց: Այս քայլը մեծ հարված է ՌԴ բյուջեին, քանի որ 2021թ-ին ՌԴ-ից Մեծ Բրիտանիա ոսկու արտահանման արդյունքում ՌԴ բյուջեն ավելացել է մոտ $15 միլիարդով:
ՌԴ ոսկու արտահանման ցուցակում Մեծ Բրիտանիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը.

Նկար 1. ՌԴ-ից Մեծ Բրիտանիա արտահանած ոսկու ծավալները 2020 և 2021թթ-երին
ՌԴ-ից Մեծ Բրիտանիա է արտահանվել հսկայական ծավալների ոսկի: Մասնավորապես, 2020թ-ին արտահանվել է 266.1, իսկ 2021թ-ին՝ 289.5 տոննա ծավալներով ոսկի: Արդյունքում, երկու տարվա ընթացքում ՌԴ-ն աշխատել է մոտ $32 մլրդ: Հարց է առաջանում, իսկ ինչու է Մեծ Բրիտանիան գնում ոսկին ՌԴ-ից, այլ ոչ թե օրինակ, ԱՄՆ-ից:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ի ոսկու արտահանման ծավալների դինամիկան եղել է հետևյալը.

Նկար 2. ՌԴ ոսկու արտահանման դինամիկան 2014—2021թթ-երին
Ոսկու արտահանման առավելագույն ծավալներն արձանագրվել են 2020թ-ին՝ 320.2 տոննա: Ինչպես տեսանք, այս արտահանման 90%-ից ավելին պատկանում է Մեծ Բրիտանիային: Նվազագույն մակարդակ դիտվել է 2018թ-ին, երբ արտահանման ծավալները կազմել են 17 տոննա:
Նկատում ենք, որ չնայած Արևմուտքի հայտարարություններին, թե ՌԴ-ի եկամուտները էական կկրճատվեն, ոսկու արտահանման սահմանափակման դեպքում, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև ոսկու արտահանումը ՌԴ-ում խիստ տատանողական է և կայուն եկամտաբերություն չունի:
Եվ վերջում անդրադառնանք Մեծ յոթնյակի և ԲՐԻԿՍԻ անդամ պետությունների ոսկու պաշարներին.

Նկար 3. Մեծ յոթնյակի և ԲՐԻԿՍԻ անդամ պետությունների ոսկու պաշարները 2021թ-ին
Ստացված պատկերը իրապես տպավորիչ է: Էականորեն Մեծ յոթնյակի երկրների ոսկու պաշարները գերազանցում են ԲՐԻԿՍԻ երկրների ոսկու պաշարներին: Այս փաստը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, կոլեկտիվ Արևմուտքի անվտանգության բարձիկներն ավելի շատ են, քան ՌԴ-ինը կամ ամբողջ ԲՐԻԿՍ-ինը:
Հետևաբար, վերադառնալով հոդվածի սկզբում նշած մտքին, պետք է փաստենք, որ ՌԴ-ն միայնակ չի կարող երկար պայքարել Արևմուտքի ֆինանսա-տեխնոլոգիական գերազանցության դեմ:
Հետևապես, ժամանակն է կանգնեցնել պատերազմը, ինչպես դա արեց Հայաստանը, և որքան էլ իրերի դասավորությունն անտանելի է, պետք է հաշտվել արդեն իսկ ձեռբ բերված հաջողություններով կամ կորուստներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում