Արդեն երրրորդ օրն է՝ առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր՝ ԼՂ մեկնող հումանիտար ավտոշարասյան հատվածում: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նրանք դիվանագետներին հեռվից ցույց են տալիս սահմանը, իսկ բեռնատարները գտնվում են ճանապարհին կանգնած:
«Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում, ցավոք, չկա: Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին տեղում իրավիճակի մասին ու աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որը միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերին արդեն իսկ տեսանք որոշ հայտարարությւոններ տարբեր գործընկերների կողմից, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ։ Անհրաժեշտ է միասնական ճակատով հանդես գա միջազգային հանրությունը և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանին, այլ նաև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների անխափան անցումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ բեռնատարներն առայժմ կմնան Կոռնիձորում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում