Գեղարքունիքի մարզում 2022-ին գյուղատնտեսական նշանակության հողերի 53 տոկոսը չի մշակվել

2 Min Read

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 81431,4 հա, որից 2022թ․ մշակվել է 37749 հա-ն, այդ թվում՝ հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բանջարաբոստանային և այլ մշակաբույսեր: Այս մասին նշվել է հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվության ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ` իրավիճակը ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքում արտադրվել է 170,974 տ համախառն բերք: 2022թ․ իրականցվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10 հազար 555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ:

Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ:

Հողաշինարարության և հողօգտագործման մասով զեկուցվել է, որ առկա 280 000 հա հողատեսքից վարձակալությամբ է տրվել  68 700 հա, որից համայնքային է 45 900 հա, իսկ պետական՝ 22 800 հա: Տարեկան վարձավճարը կազմել է 248,6 մլն դրամ:

Վարձակալությամբ տրամադրված հողատեսքերն են՝ պտղատու այգիներ, վարելահողեր, խոտհարք, արոտավայրեր և այլն: Հաշվետու տարում օտարվել են 170,67 հա (193 միավոր) համայնքային հողեր, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 177 մլն 850 հազար դրամ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Կառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ:

«Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվեք այս հոդվածով