Ներքին զբոսաշրջիկների թվաքանակի վերլուծությունը 2022թ-ի առաջին եռամսյակում

2 Min Read

Զբոսաշրջության ոլորտի զարգացումը պետք է հենված լինի առաջին հերթին ենթակառուցվածքների պատշաճ մակարդակի պահպանման վրա, որի մասով առկա են լուրջ խնդիրներ ՀՀ-ում։ Դրանք հատկապես տեսանելի են մարզերում, որտեղ զբոսաշրջիկների համար ոչ բոլոր հարմարավետություններն են առկա, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտի զարգացման համար։

Այս իրավիճակը մեծ վնաս է հասցնում նաև ներքին զբոսաշրջությանը: Վերջինիս տեսանկյունից կարևորվում է նաև մարդկանց ֆինանսական մոտիվացիան: Օրինակ, ներկայումս կան սոցիալական փաթեթներ, որոնք թույլ են տալիս կուտակված գումարներով հանգիստը վայելել ՀՀ տարբեր բնակավայրերում: Սակայն, այս գումարները չեն համապատասխանում իրական պատկերին, ինչպես ներկայիս աշխատավարձերը գների մակարդակի աճին:

Հետևապես, կոչ ենք անում կառավարությանը հատկապես ուսուցիչներին, բժիշկներին և հանրօգուտ նման զբաղմունքների տեր անձանց հանգիստը թողնել ոչ թե սոցփաթեթի աղքատիկ միջոցների հույսին, այլ ֆինանսավորել բյուջեից կամ այլ հնարավոր ֆոնդերից:

Օրինակ, ուսուցիչը մեր երկրում պետք է հնարավորություն ունենա տարվա մեջ մեկ կամ երկու անգամ երկու շաբաթով հանգստանալ ՀՀ ցանկացած բնակավայրում և բոլոր հնարավոր հարմարավետությունները ներառված: 

2022թ-ի առաջին եռամսյակում ներքին զբոսաշրջիկների թվաքանակն արձանագրել է հետևյալ արդյունքները․

Գծապատկեր 1․ Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը 2021 և 2022թթ-երի առաջին եռամսյակում

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022թ-ին ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 183,334 մարդ, մինչդեռ 2021թ-ին՝ 150,272 մարդ։ Փաստորեն, 2022թ-ի առաջին եռամսյակում 2021թ-ի նույն եռամսյակի համեմատ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը աճել է 22%-ով:

Ներքին զբոսաշրջության ծավալների կառուցվածքը ըստ հիմնական նպատակների 2022թ-ի առաջին եռամսյակում եղել է հետևյալը․

Գծապատկեր 2․ Ներքին զբոսաշրջիկների թվաքանակի կառուցվածքն ըստ այցելության նպատակների 2022թ-ի առաջին եռամսյակում

Վիճակագրական տվյալները վկայում են, որ ներքին զբոսաշրջիկների 74,5%-ը 2022թ-ի առաջին եռամսյակում այցելել են ՀՀ տարբեր վայրեր հանգստի և ժամանցի նպատակով։ 2021թ-ի համեմատ 2022թ-ի առաջին եռամսյակում հանգստի և ժամանցի նպատակով կատարված այցերի մասնաբաժինը աճել է 24,4%-ով։

Աճել է նաև գործնական նպատակով իրականացվող այցերի թվաքանակը 2021թ-ի առաջին եռամսյակի համեմատ 38,2%-ով, որի արդյունքում 2022թ-ի առաջին եռամսյակում գործնական այցերի մասնաբաժինը հասել է 20,2% մակարդակին։

2022թ-ի առաջին եռամսյակում թե՛ բուժման, թե՛ կրթության նպատակով իրականացված այցերի ներքին զբոսաշրջիկների թվաքանակը 2021թ-ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է համապատասխանաբար 39%-ով և 75%-ով:

Արդյունքում 2022թ-ի առաջին եռամսյակում կրթության նպատակով իրականացված այցերի մասնաբաժինը կազմել է 2%, իսկ բուժման նպատակով կատարված այցերի մասնաբաժինը՝ 0.5%-ով։

Share This Article